Համեմատությունը 37 թվականի հետ ընդհանրապես տեղին չէ. կատարվողն բռնաճնշում չէ, իրավական պրոցեսներ են. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, նախորդող երկու օրվա ընթացքում տեղի ունեցած ձերբակալություններն ու կալանավորումները որոշ մարդիկ համարում են իշխանության կողմից տարվող բռնաճնշումներ, ստեղծված իրավիճակը համեմատում են 37 թվականի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվող իրադարձություններն ու դրանց վերաբերյալ հնչող կարծիքները:

– Ամեն բան փորձում են պրոյեկտել իշխանության վրա, բայց այս պրոցեսները մաքուր իրավական պրոցեսներ են, որոնք իրականացվում են իրավապահների կողմից: Համեմատությունը 37 թվականի հետ ընդհանրապես տեղին չէ, որովհետև կատարվողն ընդհանրապես բռնաճնշում չէ, գիտեք, որ ձերբակալությունները եղել են հաղորդման հիման վրա, հետևաբար այդ բոլոր մեկնաբանությունները ուղղակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով են արվում: 

– Ընդդիմությունն ասում է, որ խոսք չի կարող լինել իրավական գործընթացների մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ չկա որևէ դատավոր կամ առհասարակ Կառավարության անդամ, որ իր ասածը կարող է չանել, հետևաբար, ըստ նրանց՝ ամենը Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով է կատարվում: 

– Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է նման հայտարարություն արել, որովհետև հանդիսանում է Կառավարության ղեկավար ու, բնականաբար, կառավարության քննարկելիք բոլոր հարցերին տիրապետում է, հետևաբար կառավարության որոշումներն էլ իրականացվում են իր անմիջական մասնակցությամբ: 

Ինչ վերաբերում է իրավական համակարգին, մենք բազմիցս ենք ասել, որ զանգով արդարադատություն իրականացնելը մեզ համար կարմիր գիծ է, բայց քանի որ մեր ընդդիմադիր ուժերը, միևնույն է, իրենց փորձին են հղում անում, որովհետև ժամանակին, երբ իրենք են եղել իշխանություն, բացառապես իրենց զանգով ու խոսքով է արվել արդարադատությունը, ու հիմա, ինչ կատարվում է, իրենց փորձով էլ մեկնաբանում են դա:

– Այսինքն՝ պնդում եք, որ իշխանությունը իրավական համակարգի գործերին չի՞ միջամտում:

– Ես չեմ պնդում, փաստերին նայենք, եղել է հաղորդում, ընդ որում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մշտապես է այդկերպ գործել, եթե նկատել է խախտում, ու կապ չունի՝ իշխանական, թե ընդդիմադիր է անձը: Նկատել է խախտում իրավական մասով ու հաղորդում է ներկայացրել, ո՞ր մասում տեսաք իշխանության միջամտություն, ոչ մի տեղ:

– Ընդդիմությունը, իրավապաշտպանները պնդում են, որ եթե հաղորդումները վերաբերում են իշխանության ներկայացուցիչներին կամ իշխանությանը սատարողներին, ապա այդ հաղորդումներին ընթացք չի տրվում, այլ է պատկերը ոչ իշխանականների դեպքում՝ ըստ նրանց, տիկի՛ն Ղազարյան:

– Ես չեմ զգացել նման տարբերակված մոտեցում, բայց, կարծում եմ, այդ հարցը պետք է տալ իրավական դաշտին, եթե իրենք անգործություն են դրսևորում, բայց ես վստահ եմ, որ իշխանության հորդորով ոչինչ չի իրականացվում:

– Նախօրեին ձերբակալվեց փաստաբան Կոչուբաևը՝ ֆեյսբուքյան գրառման համար, եղան պնդումներ, որ սա, այնուամենայնիվ, արդեն ազատ խոսքի սահմանափակում է, ժողովրդավարությանը ոչ հարիր քայլ: Փաստաբանի ձերբակալումը օրինաչա՞փ է ձեզ համար:

– Ազատ խոսքն էլ ունի որոշակի սահմանափակում, երբ դու հանրային մարդ ես, կարողանում ես ինքդ քեզ պաշտպանել, բայց երբ իրավական համակարգի ներկայացուցիչ ես, որոնք պետք է անկախ գործեն, ուշադրություն դարձրեք, որ մենք ունենք հոդված, որ դատավորները, քննիչները պաշտպանված չեն այս առումով իրենց հանդեպ հնչող մեղադրանքներին պատասխանելու, ու Քրեական օրենսգրքում, եթե չեմ սխալվում, կա համապատասխան հոդված, ու այդ ձերբակալությունը իրականացվել է այդ հոդվածին համապատասխան: Կոչուբաևը շատ լավ գիտի այդ հոդվածի մասին կարծում եմ, ու ես միտում եմ տեսնում այստեղ, որ հատուկ հրահրում են, որ ուժեղացնեն քաղաքական դիվիդենտ հավաքելու այս պրոցեսը:

– Այսինքն՝ այն, ինչ կատարվում է, դուք որևէ խնդիր չե՞ք տեսնում:

– Լրիվ իրավական դաշտում է, ոչ մի քաղաքական հիմք կամ պատվեր չկա: Խնդիր կտեսնեի, եթե իրավական համակարգը նորմալ չգործեր: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am