«Առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է, բայց մեզ նոր մարտահրավեր է սպասում». ժողովրդագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ժողովրդագիր, ՄԱՀՀԻ փորձագետ Արտակ Մարկոսյանը

– Պարո՛ն Մարկոսյան, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է վիճակագրությունը, որի համաձայն Հայաստանի մշտական բնակչության թիվը 2022-ին աճ է գրանցել: Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ կարող ենք հասկանալ այս վիճակագրությունից, ի՞նչ է դա նշանակում:

– Այո՛, սա նշանակալի իրադարձություն է Հայաստանում, քանի որ 1991 թվականից սկսած մշտական բնակչության թիվը մշտապես նվազել է, ինչը կապված է եղել միգրացիայի սալդոյի բացասական ցուցանիշների հետ: Այս տարի առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 15.4 հազար մարդով, ընդ որում՝ դա ձևավորվել է դրական բնական հավելաճի` 9.5 հազար մարդ և դրական միգրացիոն սալդոյի` + 5.9 հազար մարդ արդյունքում։

Մեկ էլ 2012 թվականին էր Հայաստանի մշտական բնակչության թիվը աճել 5.5 հազար մարդով, սակայն այն ձևավորվել էր բնական հավելաճի հաշվին` +14.9 հազար մարդ, իսկ միգրացիոն սալդոն բացասական էր եղել 9.4 հազար մարդով, այսինքն՝ բնական հավելաճը գերազանցել էր միգրացիայի մնացորդին:

2022 թվականի առանձնահատկությունն այն էր, որ և՛ բնական աճը, և՛ միգրացիոն սալդոն դրական են եղել, արդյունքում ունենք բնակչության թվաքանակի մեզ համար բավականին լուրջ դրական աճ:

Հայաստանի համար սա դրական միտում է, այն էլ՝ ստեղծված բարդ պայմաններում: Այն ավելի կայուն դարձնելու համար բավական լուրջ աշխատանք պետք է կատարվի հայրենադարձության ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա տարիներին մեզ նոր մարտահրավեր է սպասում՝ ծնունդների քանակի նվազում, քանի որ ամուսնական տարիքի է հասնում նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսից հետո ծնված սերունդը, որի թվաքանակը բավական քիչ էր: Հայաստանում հիմա անվտանգային խնդիրներ են առաջացել, բայց դրանց լուծման պարագայում, հավատացնում եմ՝ մենք բնակչության թվաքանակի մեծ աճ կունենանք:

Այնպես որ, պետք է պատրաստ լինել, մշակել ռազմավարություն, կյանքի կոչել ծրագրերը:

– Պարո՛ն Մարկոսյան, նախորդ տարի մարդահամարի ժամանակ մասնագետներն ասում էին, որ դրանում ներառվում են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած ռելոկանտները: Կբացատրեք՝ ի՞նչ կապ ունեն նրանք այս աճի հետ:

– Ո՛չ, այդ խմբի մարդիկ աճի ցուցանիշի հետ որևէ կապ չունեն: Այդ ցուցանիշը վերաբերում է այն մարդկանց, որոնք քաղաքացիությունը փոխելու հետևանքով եկել են Հայաստան, իսկ ռուսները ժամանակավոր բնակիչներ են:

Նկատեմ, որ մարդահամարի ժամանակ բնակչության թվի երկու հաշվարկ է իրականացվում՝ մշտական բնակչություն և առկա բնակչություն: Հայաստան եկած ռուսները մտնում են առկա բնակչության թվի մեջ, նրանք երբեք չեն կարող մտնել մշտական բնակչության թվի մեջ:

Առկա բնակչության պարագայում հաշվարկվում են այդ պահին Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր մարդիկ: Մշտական բնակչության թվի մեջ Հայաստան տեղափոխված ռուսները չեն մտնում:

– Ինչ վերաբերում է երկրից ելքի ու երկիր մուտքի ցուցանիշներին, 2022-ին, փաստորեն, միտումները դրական են: Ինչպե՞ս եք դա բացատրում:

– Այո՛, ընդհանուր ուղևորահոսքի, ելումուտի միտումները դրական են եղել, հայկական անձնագրերով՝ բացասական: Բայց դա անընդհատ փոփոխվող ցուցանիշ է. օրինակ՝ մարդիկ, հնարավոր է՝ դեկտեմբերի վերջին դուրս են եկել, գնացել են հանգստանալու, բայց կվերադառնան հունվարին: Դա անընդհատ շարժվող ցուցանիշ է ու միգրացիոն սալդոյի հետ կապ չունի:

Այդուհանդերձ, 2022-ին մենք ունեցել ենք դրական միգրացիոն սալդո: Այդպես եղել էր նաև 2020 թվականին, բայց այդ ժամանակ այլ իրավիճակ էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհը փակ էր, գնալու տեղ չկար:

Բայց պետք է հաշվի առնել, որ մինչև 2022 թվականը մենք լուրջ փորձությունների ու խնդիրների միջով ենք անցել, և այս աճը, բնականաբար, նաև հոգեբանական լիցքեր է հաղորդել: Պետք է սկսել ճիշտ միգրացիոն քաղաքականություն կառուցել, պետք է մշակել ռազմավարություններ: Վերջին շրջանում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև այլ երկրներից, Հնդկաստանից, Իրանից լուրջ ներհոսքեր ունենք, և մեր երկիրը պետք է պատրաստ լինի կառավարել այդ ներհոսքերը, քանի որ տարիների հետ դրանք կարող են շատանալ:

– Օրերս Կառավարությունում քննարկում էր, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանձնարարական է տրվել հայրենադարձության ռազմավարություն մշակել: Ի՞նչ կարող է դա տալ:

– Այո՛, ցավոք, դեռևս ռազմավարություն չկա, բայց կա նախաձեռնություն: Մենք պետք է պատրաստվենք նաև օտարազգիների ներհոսքին դեպի Հայաստան: Հիմա կա այդպիսի ներհոսք, գալիս են, այստեղ աշխատում են տարբեր ոլորտներում:

Պետք է ճիշտ քաղաքականություն իրականացնել այդ մարդկանց մեր հասարակությանն ինտեգրելու համար՝ լեզվական, մշակութային առումով, այնպես, ինչպես անում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Դա կնպաստի մեր ժողովրդագրական խնդիրների լուծմանը և չպետք է սվիններով ընդունել: Հստակ, նորմալ մշակված քաղաքականություն պետք է իրականացնել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am