Սպանությունները բացահայտված են. ոճրագործները հայր ու որդի են

Սպանությունները բացահայտված են. ոճրագործները հայր ու որդի են
Սպանությունները բացահայտված են. ոճրագործները հայր ու որդի են

Սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերեց կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով:
Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվեց, որ հայտնաբերվածը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակն է:

Պարզվեց նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների շրջանակում մանրակրկիտ ու ծավալուն աշխատանք կատարվեց. ճշտվեցին Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց ալիբիները, մանրամասնվեցին կնոջ գործունեության հանգամանքները, վերականգնվեցին դեպքին նախորդած օրերի իրադարձությունները, քննության առնվեցին դրանց պատճառահետևանքային կապերը: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ կատարվածի պատկերն ամբողջացավ և հանցագործությունը բացահայտվեց:

Պարզվեց, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են:

Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը:

Արդեն երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան:

Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:

Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Medialab.am