«Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի։

Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է:

Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործընկերային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:

Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:

Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»։