Ռուսաստանը, նաև Իրանը ունեն հարուստ գործիքակազմ, որով կարող են նպաստել հրադադարի կայացմանը. Միքայել Զոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը

– Պարո՛ն Զոլյան, Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում։ Սերգեյ Շոյգուն քննարկումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Ի՞նչ է սա նշանակում, անցնում են գործնական քայլերի՞։

– Նախ եկեք արձանագրենք, որ այնպես չէ, որ մինչ այդ էլ Ռուսաստանը և մյուս համանախագահները գործնական քայլեր չեն կատարել և հիմա նոր են սկսում: Այդ գործնական քայլերից էին, մասնավորապես, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները, համանախագահների համատեղ հայտարարությունները, ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները և դրանց արդյունքում ստորագրված հրադադարի համաձայնությունը:

Այլ հարց է, որ գործնական քայլերը կարող են տարբեր լինել, և այս առումով ՌԴ ռազմական գերատեսչության մասնակցությունը գործընթացին անշուշտ պետք է կարևոր ուղերձներ ուղարկի ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ հակամարտությանը միջամտել փորձող ուժերին: Ռուսաստանը և մյուս միջնորդ երկրները, ինչպես նաև Իրանը, ունեն հարուստ գործիքակազմ, որի միջոցով կարող են նպաստել հրադադարի կայացմանը:

Այդ գործիքակազմը կարող է շատ բազմազան լինել և դրա շրջանակներում կարելի է դիտարկել ինչպես Շոյգուի ակտիվությունը, այնպես էլ, օրինակ՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ղեկավար պատրիարք Կյուրեղի կոչը, որում, ի դեպ, առանձին նշվում է «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներ»:

– Պարո՛ն Զոլյան, չնայած հնչող հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ մարտեր վարել։ Ի վերջո, ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային և Ադրբեջանին զսպել։

– Նախ՝ եկեք վերհիշենք ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ դեռևս 1990-ականներին եղել են հրադադարի մասին բազմաթիվ համաձայնություններ, բայց դրանց մեծ մասը կա՛մ չի կատարվել, կա՛մ կատարվել է մասամբ: Այնպես որ, այդ առումով պետք է իրատես լինենք և հասկանանք, որ միայն փաստաթղթի առկայությունը դեռևս երաշխիք չէ, որ մարտերը կավարտվեն:

Միևնույն ժամանակ, հրադադարի մասին համաձայնության նշանակությունը պետք չէ նաև թերագնահատել. հրադադարի խախտումը ագրեսոր կողմի համար որոշակի քաղաքական և դիվանագիտական գին ունի:

Ինչո՞ւ է այդ դեպքում Ալիևը պատրաստ խախտել հրադադարը, չնայած դա կապված է թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ռիսկերի հետ: Պատճառները երկուսն են. նախ՝ Ալիևին անհրաժեշտ է իր հասարակությանը ներկայացնել որևէ արդյունք՝ իրական կամ հորինված, որպեսզի դրանով արդարացվեն ադրբեջանական բանակի մինչ այժմ կրած ծանր կորուստները:

Երկրորդ՝ Էրդողանը քաջալերում է Ալիևին շարունակել պատերազմը, քանի որ պատերազմի արդյունքում Թուրքիան չի հասել իր նպատակներին. չի կարողացել կազմաքանդել Մինսկի խմբի ձևաչափը, չի կարողացել կարգավորման գործընթացից դուրս մղել մյուս միջնորդներին: Հետևաբար, Էրդողանին ձեռնտու է պատերազմի շարունակումը, առավել ևս, որ այդ սցենարի դեպքում հիմնական ռիսկերը կրում է ոչ թե նա, այլ Ադրբեջանը:

– Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները՝ կարո՞ղ ենք ասել, որ հրադադարի հաստատման համար Ռուսաստանն է ներգրավված։

– Ակնհայտ է, որ հրադադարի նախաձեռնությունը Ռուսաստանից էր գալիս, և Ռուսաստանը շահագրգռված է դրա պահպանմամբ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա իր համար հեղինակության հարց է, այլև այն պատճառով, որ պատերազմի հետագա շարունակումն իր սահմանների մոտ ձեռնտու չէ Ռուսաստանին:

Պատճառները բազմաթիվ են. օրինակ՝ Սիրիայից և այլ վայրերից բերված ահաբեկիչները կարող են թափանցել Ռուսաստան, պատերազմի հետագա ծավալումը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի ներգրավմանը, ռուս-թուրքական լուրջ կոնֆլիկտի և այլն:

Ըստ էության այս հարցում համընկնում են Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի շահերը. պատերազմը որևէ մեկին պետք չէ, բացի Էրդողանից և Ալիևից:

Իրականում, եթե չլիներ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության գործոնը, ապա պատերազմն ավարտված կլիներ, քանի որ առանց Թուրքիայի անմիջական մասնակցության Ադրբեջանն ի վիճակի չէր լինի դիմակայել ոչ իր կրած ահռելի կորուստներին, ոչ էլ միջազգային հանրության ճնշմանը:

Սակայն Թուրքիան նրան դրդում է շարունակել պատերազմը, և Ալիևը ենթարկվում է թուրքական ճնշմանը, քանի որ ինքն իր գործողություններով զրկել է ինքն իրեն մանևրի հնարավորությունից:

– Հիմա նոր թեզ է գործի դրվել՝ ճանաչում կամ անջատում հանուն փրկության։ Արցախի անկախության ճանաչման գործընթացը որքանո՞վ է հավանական հիմա կյանքի կոչել։ Եվ արդյոք համամի՞տ եք, որ նախ՝ մեկ այլ պետություն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, հետո նոր՝ Հայաստանը։

– Նախ այնպես չէ, որ սա նոր թեզ է: Այդ մասին մենք խոսում էինք շատ վաղուց, տասնամյակներով Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանը բացատրում էին, որ ալիևյան ռեժիմն ըստ էության ծրագրում է ցեղասպանություն կամ էթնիկ զտում Արցախի հայերի հանդեպ:

Սակայն, ալիևյան ռեժիմը միշտ հսկայական ռեսուրսներ է ծախսել քարոզչության և լոբբիստական աշխատանքի վրա: Այսօր ալիևյան քարոզչության թեզերը փշրված են իր իսկ գործողությունների արդյունքում, և մեր փաստարկներն ավելի ուժեղ են: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ճանաչման գործընթացը բավականին բարդ է և կարող է երկար տևել:

Սակայն այս պահին կարևոր է դարձնել այդ հարցը միջազգային օրակարգի մի մաս, ցույց տալ, որ Արցախի միջազգային ճանաչումը կարող է դառնալ նրա բնակչության անվտանգության գրավականը: Կարևոր է նաև, որ այսօր Սփյուռքը լծվի այդ խնդրի իրականացմանը, ինչպես դա միշտ եղել է Եղեռնի ճանաչման և դատապարտման խնդրում:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, ապա այսօր ակնհայտ է, որ Հայաստանը դե ֆակտո ճանաչում է Արցախը, նրա հետ միջպետական հարաբերություններ ունի, նրա անվտանգության երաշխավորն է, տնտեսական համագործակցություն է իրականացնում և այլն:

Մանե Հարությունյան

MediaLab.am