«Չենք լռելու».ռազմական ոստիկանության պետը ստում է,ահազանգած զինվորին ճնշում են

«Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջև է կանգնել»,- ահազանգում է երիտասարդական նախաձեռնությունը:

«Բանն այն է, որ պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ. Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները` ակնհայտորեն թերագնահատելով «Չենք լռելու»-ի վճռականության աստիճանն ու հնարավորությունները:

Մասնավորապես, շաբաթ օրվա առավոտյան «Չենք լռելու»-ն հավաստի տեղեկություն ստացավ այն մասին, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երևան: Ըստ ստացված տեղեկության, զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Այդ մասին շաբաթ օրվա ցերեկը հրապարակումներ եղան նաև մի շարք կայքերում»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը տեղադրվել էր YouTube-ում։

Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունը ստանալով` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը զանգահարել է ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ: Տեր-Սահակյանը հայտարարել է, որ զինվորը գտնվում է Իջևանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երևան և այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում, պնդում է նախաձեռնությունը:

ՌՈ պետը խոստացել է, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի «Երևան ժամանելուն պես»: «Ժամը 17-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը «ցրեց» իր վրայից` «Չենք լռելու»-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար: Պարզվեց, որ այն պատկանում է ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնին, որից մի շարքային զինվոր խորհուրդ տվեց զանգահարել երկուշաբթի:

Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում «Չենք լռելու»-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անել»,- նշվում է հաղորդագրությունում:

«Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որևէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը: Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որևէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:

«Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:

Ցավն այն է, որ այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե միլիոնատեր գեներալները, այլ մեր զինվորները:

Ցավալի է նաև, որ օրեցօր ավելանում է այն մարդկանց ցուցակը, ում սթափեցնել ունակ է միայն YouTube-ը…»,- ասվում է «Չենք լռելու» նախաձեռնության հաղորդագրությունում։

© Medialab.am