Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ, այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք – Քարվաճառ, Սևան – Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր:

Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:

Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:

Սահմանված անցակետերում դիտարկումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության մարզային ծառայությունների ղեկավարները :

Այս մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզպետարանը։