«Չհասցրեց ավարտել խաչքարը»․ քանդակագործ Գոռը կամավորագրվելիս խոստացել էր՝ կվերադառնա պատերազմից, բայց չեկավ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակվող Համբարձումյանների տունը երկու տարի է՝ դատարկ է. ավագ որդու զոհվելուց հետո նրանց կյանքը աննպատակ է դարձել։ Ասում են՝ ուղղակի ապրում ենք։

Համբարձումյանների ավագ որդին՝ 22-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մասնագիտությամբ քանդակագործ էր, սիրում էր արվեստն ու դրանով ապրում, 2020-ի սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմի լուրն իմանալուն պես միանգամից կամավորագրվել է և, իր սիրած գործերն անավարտ թողնելով, մեկնել պատերազմ: 

Քույրը՝ 22-ամյա Սիրանուշ Համբարձումյանը, սարսափով է հիշում սեպտեմբերի 27-ը, երբ Գոռին հետ պահել հնարավոր չի եղել՝ մտել է տուն ու ասել՝ պատերազմ է, Հայկազով զորամասը, որտեղ ծառայել է, արդեն պայթեցրել են, ինքը մեկնում է առաջնագիծ։

«Քեռուս տղան էլ էր բանակում ծառայում, Գոռն ասեց՝ պետք ա գնամ, իր կողքին լինեմ։ Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը գնաց»,- պատմում է Սիրանուշը։

Քույրը պատմում է՝ Գոռի հետ վերջին անգամ կարողացել են կապ հաստատել հոկտեմբերի 9-ին, եղբայրն ասել է՝ ամեն ինչ լավ է, անպայման տուն կգա։ Սակայն մի քանի օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Կարմիր Շուկայում ԱԹՍ-ն նկատել ու հարվածել է այն մեքենան, որում եղել են Գոռը և նրա հետ գտնվող ևս երեք զինվոր, որոնք բոլորն էլ զոհվել են:

Համբարձումյանները որոշ ժամանակ չեն կարողացել լուր ստանալ Գոռից։ 

Հոկտեմբերի 18-ին հարազատներն ու ընկերները այցելել են նրա ծնողներին և հայտնել, որ Գոռը հիվանդանոցում է։ «Մամայիս ասեցին, որ պետք ա գնա արյուն տա, որ Գոռը ուշքի գա։ Խաբելով տարան մամայիս, ԴՆԹ արեցին։ Նոյեմբերի 8-ին ԴՆԹ-ով հաստատվեց»,- պատմում է Սիրանուշը։

Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Գոռ Համբարձումյանին հուղարկավորել են Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։ Գոռ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Քույրը հուզմունքով ասում է՝ եղբայրը շատ նպատակներ ու ծրագրեր ուներ։ Մինչև պատերազմ մեկնելը աշխատել է մի խաչքարի վրա, որը պետք է տեղադրվեր Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Աշխատանքը գրեթե ավարտին էր հասցրել, սակայն վերջին շտկումներն անելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։ 

«Գոռը չհասցրեց ավարտել։ Եղբորս վարպետը խնդրեց, որ վերջին շտրիխներն անելուց հետո խաչքարը տեղադրեն ոչ թե Սուրբ Հովհաննես եկեղեցում, այլ գերեզմանում, և խաչքարը նվիրվեց մեր գյուղի բոլոր զոհված տղաներին»,- ասում է Սիրանուշը։

Բացի խաչքարն ավարտին հասցնելուց, Գոռը ուրիշ պարզ, մարդկային ցանկություններ ուներ՝ տունը վերանորոգել, ընտանիք կազմել, շատ երեխա ունենալ, մեքենա գնել, արվեստանոց ունենալ… Բայց դրանցից ոչ մեկին իր կյանքի օրոք չկարողացավ հասցնել, Սիրանուշն ասում է՝ այժմ ընտանիքով փորձում են Գոռի ինչ-որ նպատակներ կյանքի կոչել։

Հարազատները Գոռի մասին պատմում են՝ ուրախ երիտասարդ էր, երջանիկ, ապագայի մեծ ծրագրեր ուներ, բարի էր ու կամեցող։ Ընկերները միշտ նրա կողքին էին, նա շրջապատին ծիծաղ ու խնդություն էր պարգևում. «Որ կատակ էր անում, չէ՞, ինքը լուրջ էր մնում, չէր ծիծաղում, բայց բոլորը ծիծաղից պայթում էին»։ 

Եղբոր կորստի հետ համակերպվելը, քրոջ խոսքով, ծանր է. դժվար օրերին իր ընկերն է եղել, անկեղծ խորհրդատուն: «Գոռի հետ ուրիշ էր, ինքը մտնում էր տուն, գոռում էր՝ Սիր, Սիրը ո՞ւր ա, իմ վրա շատ էր ջղայնանում, բայց ասում էր՝ Սիրուշին շատ եմ սիրում։ Տանը կնստեինք, կխոսեինք, կարող ա ասեր՝ էս աղջկան շատ եմ հավանում, ուզում էր իմանալ՝ աղջիկն ինչ էր սիրում, ինչ աներ նրա համար։

Իմ ապագայի հետ կապված խորհուրդներ էր տալիս։ Ծանոթացել էր ընկերոջս հետ, հետո ինձ ասեց՝ շատ լավ տղա ա, ուզում եմ՝ կյանքդ իրա հետ կապես։ Իրա զոհվելուց հետո մենք նշանվեցինք, ինքը չմասնակցեց, բայց գոնե ուրախ եմ, որ իր համաձայնությունը հասցրեց տալ»,- կսկիծով ասում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am