Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան Factor.am

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են:

Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Ոսկետափ համայնքի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ոսկետափի համայնքապետարանի աշխատակազմից:

«Նրանք անմիջապես մի մեքենայով են գնացել, կանայք են եղել: «Սպայկայի» Արտաշատի ջերմոցներում սովորական բանվորներ են աշխատում: Երեկ են մեկուսացրել, չեն ասում՝ ուր են տարել, բայց մեկուսացրել են: Այդքան էլ մեծ տարիքի չեն, մեկը՝ 33, մյուսը՝ 50-ի մոտ: Ընտանիքի անդամներն էլ տանը ինքնամեկուսացված են»,- ասաց աշխատակազմի ղեկավար Կարինե Ավդալյանը: Տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ «Սպայկա» ընկերությունից:

«Մենք աշխատողներին ասում ենք՝ ով հեռահար է ուզում, թող աշխատի, իսկ ով լավ չի զգում իրեն, թող աշխատանքի չգա: Հստակ դեպքեր չեմ կարող ասել, ոչ էլ թիվ կարող եմ ասել, թե քանի հոգի կա այդպես: Համապատասխան մարմիններն աշխատում են եւ տվյալ անձանց համար բուժման մեխանիզմ են մշակում: Մենք չենք բացահայտողը, մենք ջերմություն ունեցողներին չենք թողնում գալ աշխատանքի: Մեր աշխատողների հետ կապված մենք նման տեղեկություն չունենք, բայց Ոսկետափից ունենք վեց-յոթ աշխատող, որոնք մի երկու օր է՝ աշխատանքի չեն գալիս: Որ զանգում ասում են՝ չենք գալիս, մենք չենք էլ խորանում»,- մեզ հետ զզրույցում ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը: