Մեր ընտանիքի մասին հրապարակումները մերկապարանոց ստեր են. Աննա Հակոբյան

 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ իր անվան հետ կապվող բիզնեսների մասին լուրերի համար որևէ հիմք չկա:  

«Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց  գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլևս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր  կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աննա Հակոբյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում:

Վարչապետի տիկինը նշեց, որ այլեւս ոչ հետևում և ոչ էլ հետաքրքրվում է նմանատիպ լուրերով: «Լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավական բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր «բարձունքներ է նվաճում»։ Ցավալի փաստ է»,- ընդգծեց նա: