«5-րդ ալիք»-ի սեփականատերը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

«Հայկական ժամանակը» գրում է․ ««5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թավադյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցել վնասը։

Հայցը ներկայացվել է ապրիլի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2020 թվականի մարտի 4-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է այն մասին, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել. «Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»։

Հարցին, թե որքան փոխհատուցում են պահանջել, փաստաբանը պատասխանեց. «2 միլիոն դրամի չափով»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։