Ոստիկանությունը պատասխանել է Դիտորդների խմբի հարցմանը

Երկրում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ազատազրկված անձանց իրավունքներն ու վերջիններիս առնչվող ցանկացած հարց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մշտական ուշադրության կենտրոնում է:

Այս անգամ Խումբը դիմել է ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ազատազրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկներից դատարան տեղափոխությունների և արտակարգ պայմաններում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանության վերաբերյալ:

Խմբի պաշտոնական հարցմանը ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ՝

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման և ՀՀ Պարետի որոշումների պահանջները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տեղափոխող մեքենաները յուրաքանչյուր երթից առաջ ախտահանվում են սանիտարահիգիենիկ նյութերով, իսկ ուղեկցող դասակի անձնակազմը ապահովված է ախտահանիչ նյութերով և անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով և ձեռնոցներով։

Յուրաքանչյուր երթի ժամանակ տեղափոխվում է 1 ազատությունից զրկված անձ՝ մեքենայում անհրաժեշտ սոցիալակա հեռավորությունը պահպանելու նպատակով:

Ազատությունից զրկված անձանց տեղափոխելու ընթացքում վերջիններիս քրեակատարողական հիմնարկների կողմից տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ»:

Այս մասին տեղեկացնում է Դիատորդների խումբը։