Գների կտրուկ բարձրացում չկա. ՀՀ-ն այն երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստում անդրադարձավ ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներին: Գևորգյանը նշեց, որ ամենօրյա մոնիթորինգ են իրականացում և արդեն այսօր դիտվում է գների նվազման որոշակի միտում ոչ թե փետրվար, այլ մարտ ասմվա բարձրացված գների համեմատ: «Գների աճման միտումը տեղավորվում է մեկից մինչև չորս տոկոսի սանդղակում, և գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել:

Մենք համեմատություն ենք արել 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, և օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ՝ 255 դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աժեցել է 338 դրամ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գևորգյանը: Նրա խոսքով՝  նույն տրամաբանությունը գործում է կարագի գների պարագայում: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ գների տեմպը և այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակություն: «Ամենաբարձր կոնկրետացվածություն ունեցող շուկաներում մրցակցությունը բավականին աճել է, արդյունքում՝ օգտվում է սպառողը»,- ասաց նա:Գեղամ Գևորգյանը նաև ներկայացրեց բենզինի գները և նշեց, որ երեկվա դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը եղել է 310 դրամ, իսկ 2018 թվականին՝ այն եղել է 450:

«Հարուցված վարույթներ ունենք շաքարի, կարագի, հավի ձվի գների հետ կապված, գործընթաց ենք սկսել ձեթի, հավի մսի, ալյուրի, ցորենի և մի շարք շուկաներում, և եթե որևէ իրավախախտում լինի, ապա մենք զգուշացրել ենք, որ արտակարգ դրության ժամանակ իրավախախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես ծանրացնող հանգամանք և պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 և 2020 թվականներին բազմաթիվ ուղղություններով գնանկումային երևույթներ են եղել և գնաճի մասին խոսելիս պետք է դա արձանագրել:

«Եթե հանկարծ մենք փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, շուկայում կունենանք դեֆիցիտ, ուղղակի գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Այստեղ կա երկու եզր, առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն»,-ասաց նա և հիշերցեց, որ ՀՀ-ն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել, այնինչ, դա կա նույնիսկ զարգացած երկրներում: