Գևորգ Կոստանյան. Թռնողը

Գևորգ Կոստանյան. Թռնողը
Գևորգ Կոստանյան. Թռնողը

Գևորգ Կոստանյանին բոլորդ լավ գիտեք: Հետաքրքիր մարդ է: Միշտ անկեղծ: Երբ մայիսի 1-ին ասում էր, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի վստահել վարչապետի գործը, անկեղծ էր, երբ հոկտեմբերի 8-ին ասում է, որ Փաշինյանից բացի ինքը չի տեսնում վարչապետի այլ թեկնածու, կրկին անկեղծ է: Նա անկեղծ է եղել միշտ:

Նա անկեղծ է եղել, երբ ասել է, որ Պերմյակովը կդատվի Հայաստանի դատարանում, երբ ասել է, որ մարդասպանը կմնա Հայաստանում: Նա կրքեր սանձող է եղել Սերժ Սարգսյանի դուդուկի տակ: Դուդուկի տերն այսօր փոխվել է: Եվ Գևորգ Կոստանյանը կրկին անկեղծ է: Ես չեմ կատակում: Ինքը կերպարի մեջ մտնող մարդ է՝ կինոյի տղեն, նրա բառերը վստահված դերերից անհամեմատ շատ են, մեծ մասը կարող էր չասել, բայց երբ ինքը կերպարի մեջ է, պետք է սպասել բավականին հաջող ներկայացման:

Երկու օր առաջ նա փառաբանեց Փաշինյանին և կրքեր բորբոքեց: Որովհետև ականատես եղանք բացառիկ անսկզբունքայնության: Բայց դա մյուս կողմից մյուս «սկզբունքայիններին» «քաջալերելու» մեկնարկային սուլոցն էր: ՀՀԿ-ական առ ՀՀԿ-ական սկսեցին խոսել Նիկոլի առաքինությունների և արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին:

Իսկ տղերքը դեմք են:

Ո՞վ է կասկածում, որ Կոստանյանի վրա աշխատել են: Եվ եթե նա է հայտարարում, որ Փաշինյանին այլընտրանք չկա, ուրեմն թռնելու իսկական «ժամանակն» է: Սարսափելի է, երբ մտածում ես, թե նախորդ անփոխարինելիի հոգեզավակներն ինչ անկաշկանդ են կերպարանափոխվում:

Մյուս կողմից, ախր, բոլոր այս մարդկանց տարբեր ղեկավարների գիրկն է նետում մահկանացուի բնազդը՝ մի կյանք ենք ապրում, ինչո՞ւ չապահովագրենք մեզ: Ըստ իս, իրականում դաժան է, երբ տղամարդը (պարոն Կոստանյանն ասում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ) ներքաշվում է ինքնապահպանման այսպիսի ստորացուցիչ գործողության մեջ: Իհարկե կարելի է մտածել, որ պարզապես այլընտրանք չի ունեցել և չի ցանկացել մնալ նախորդ իշխանության ավերակների տակ, որոնք այսօր մարմնավորում են Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը (հլը նրանց պատկերացրեք իբրև ավերակ):

Ի՞նչ վիճակում է հայտնվել նախկին գլխավոր դատախազը, որ արդեն հեղինակության մասին չի մտածում: Իսկ այս ամբողջի խորքում մի պարզ, չխոստովանվող արդարացում է՝ տուն ենք պահում, ախպե՛ր, երեխեք կան, վարկեր կան, քրեական գործեր կան, որոնցով անցնում ենք, կոմպրոմատներ կան, որոնց տակից դուրս չենք գա: Եվ դուք, ընկերնե՛ր, չկարծեք, որ անարժանապատվության այս դժոխքով Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը չեն անցնելու: Մյուս կողմից՝ ուրիշ ինչպե՞ս վարկաբեկես հեղափոխությունը՝ հայտնի անեկդոտի օրինակով՝ պապը մեռնելուց առաջ թոռներին ասում է՝ ուզում եմ դառնալ հսանրապետական: Թոռներն ասում են՝ ա՛յ պապ, քեզ ի՞նչ եղավ, ինչի՞ հենց հանրապետական: Ասում է՝ որ մեռնեմ, մի հանրապետական էլ կպակասի:

Իհարկե, Կոստանյանի այս անամոթությունից գործարքի ուժեղ հոտ է գալիս, բայց, տղե՛րք, ձեզ ո՞վ էր ասում՝ նախորդ իշխանության օրոք մտնեիք էնպիսի կեղտերի մեջ, որ դա հնարավոր լիներ ծածկել մեկ ուրիշ կեղտով: Էս դեպքում չէ՞ որ ձեր հանդեպ սահմանափակվելու են սոսկ օգտագործելով: Հո չե՞ք կարծում, որ փոխհատուցում է լինելու, ասենք, գլխավոր դատախազ դարձնելով կամ արդարադատության ու կրթության նախարարների պաշտոնը վերադարձնելով: Անցան այդ ժամանակները: Հիմա արդեն սեփական քրտինքով ապրելու ժամանակներն են: Աստծո ուղղակի արարած Ադամից լավը չլինեք:

Մհեր Արշակյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?time_continue=1&v=2xe9if2WYLE 

MediaLab.am