Պարգեւատրում` հղի կնոջը 6 կմ պատգարակով տեղափոխած հրշեջ-փրկարարներին

Հասարակական մեծ խրախուսանքի արժանացած փրկարարները, որոնք 6 կմ ոտքով հղի կնոջը ձյուների միջով հասցրել էին հիվանդանոց կպարգեւատրվեն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Փետրվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում հղի կնոջն օգնության հասած և ձյան միջով նրան պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած 8 հրշեջ-փրկարարներին»,-տեղեկացնում է նախարարության հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։

Պարզվել է, որ ուղևորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց։

© Medialab.am