Ապօրինի քայլեր են իրականացվում Խաչատրյանների բիզնեսների նկատմամբ․ Ահազանգ պետական մարմիններին

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, ովքեր արդեն շուրջ 7 ամիս է գտնվում են կալանքի տակ: Սակայն պարզվում է, որ այս անօրինականությունները չեն սահմանափկավում բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ»:

Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա:

Չնայած որ նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձը՝ ծանոթանալով վերագրվող արարքների ձևակերումներին, անմիջապես կփաստի, որ դրանք զուրկ են իրավական և փաստական հիմքից, սակայն այս պահին դեռևս չանդրադառնալով դրանց անհիմն լինելու հավաստող հիմնավորումներին, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ վերը նշված բոլոր անձանց՝ հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգով քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու «Գալաքսի» ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների և նրանց շուրջ 3000 աշխատակիցների համար:

Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակ սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Այսինքն, եթե մեղսագրվում է որոշակի գումարի չափով վնաս պատճառած արարք, ապա գույքի վրա կալանք կարող է դրվել բացառապես այդ կոնկրետ գումարի չափով և դրանից ոչ մի լումա ավել: Սույն դեպքում, անտեսելով այս օրենսդրական պահանջը, քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին վերագրվող ենթադրյալ նյութական վնասը բազմապատիկ անգամ գերազանցող գույքի վրա:

Վստահ ենք, որ նման պրոֆեսիոնալ կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը և այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունը, լավագույնս տիրապետում են այս հասարակ իրավական նորմին։

Ավելին, օրենքով նաև մեկ այլ պահանջ է սահմանված, որի համաձայն գույքի սեփականատերն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին իր որ գույքի վրա կալանք դրվի, որը բավարար է և համապատասխանում է ենթադրյալ պատճառված վնասի չափին: Բնականաբար, գույքի սեփականատիրոջ այդ իրավունքի իրացումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, սակայն այս հասարակ նորմը ևս չի պահպանվել:

Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կորոնովիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող սահմանափակումների պատճառով, առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված «Գալաքսի» ընկերությունների խմբի բնականոն բիզնես գործունեությունը չխաթարելու, մոտ 3000 աշխատակիցների հնարավոր գործազրկունությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բազմիցս խնդրել և դիմել է, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ մնա բիզնեսի հետ կապված անօրիանական գործողություններից:   

Խաչատրյանների փաստաբանական թիմը ՀՀ իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական գործի քննությունն իրականացնել օրինականության շրջանակներում, զերծ մնալ ոչ իրավաչափ նպատակներ հետապնդող և, հատկապես, տնտեսական գործունեությունը վնասող անօրինական գործողություններից:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցվում է Հայաստանի Հանրապետությունը»: