Վերջին օրերին տարբեր լրատվական կայքերով և սոցիալական ցանցերով շրջանառվում են լուրեր, թե Երևանի երիտասարդական պալատը («Կուկուռուզնիկը») վերականգնվելու է նախկին տեսքով։
Լուրի առիթ է հանդիսացել քանդված շինության համահեղինակներից մեկի՝ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում մայիսի 7-ին հրապարակած՝ Երիտասարդական պալատի եռաչափ անիմացիոն տեսանյութը, որն արվել է A3 Architects ստուդիայի կողմից։
Մայիսի 12-ին էլ «Փաստ» թերթը հարցազրույց էր վերցրել Թարխանյանի դուստրից՝ Անահիտ Թարխանյանից, որը հայտարարել էր, որ «Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար»։
Երիտասարդական պալատի բացումը տեղի էր ունեցել 1979 թվականին: Քաղաքի տարբեր ծայրերից երևացող պալատը համալիր կառույց էր, որտեղ կար հյուրանոց, լողավազան, ամուսնությունների գրանցման սրահ, ռեստորաններ և այլն: 2004 թվականին այն վաճառվեց «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը, որն էլ քանդեց կառույցը: Թարխանյանի դուստրը, որը ևս ճարտարապետ է, տարիներ շարունակ բարձրաձայնում է պալատը նախկին տեսքով վերականգնելու անհրաժեշտության մասին, քանի որ այն իր տեսակով եզակի կառույց էր Երևանում։
Անահիտ Թարխանյանի այս հայտարարությունը որպես լուր է ներկայացվել մի շարք կայքերի կողմից, ինչպիսիք են armblog.info-ն, barevblog.com-ը, arm24news.ru-ն, socialmedia.am-ը, goodlookingnews.ru-ն, hayinfo.info-ն։ Վերջինիս հրապարակումը Ֆեյսբուքում News Armenia էջի կողմից տարածվել է մայիսի 13-ին և ունի շուրջ 1․600 հավանում։
Սա որպես լուր է ներկայացվում նաև Ֆեյսբուքում «Զարգացման և ներդրումային ծրագրեր» էջի կողմից, որը պնդում է, թե «Երիտասարդական պալատի վերականգնումը քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էր»։
Սակայն այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այսպիսի մի կեղծ լուր լայնորեն տարածվել էր դեռ 2018-ի հուլիսի վերջին՝ arenanews.am կայքի կողմից։ Հրապարակման մեջ պնդում էր կատարվում, թե, իբր, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոսք է տվել «վերականգնել նախկին Երիտասարդական պալատը՝ պահպանելով հին կոնցեպցիան»։
Իրականում Մարությանը նման խոստում չի տվել։ Ավելին՝ Երիտասարդական պալատը վերականգնելու մասին խոսք չկա նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք որևէ բան փոխվել է այս առումով։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ քանդված շենքի վերականգման ջանքերն արտացոլում են որոշակի մարդկանց և որոշակի խմբի տեսակետը։ «Համենայն դեպս՝ տարածքը սեփականատեր ունի, և այնպիսի գործընթաց, որը առնչվում է քաղաքային իշխանության հետ, այս պահին մենք չունենք։ Որևէ գործընթաց այս պահին չկա», — ասաց Կարապետյանը։
Այսպիսով, տարածվող լուրերը, թե Երիտասարդական պալատը պատրաստվում են վերականգնել նախկին տեսքով, չի համապատասխանում իրականությանը, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի խոստացել «վերականգնել նախկին Երիտասարդական պալատը՝ պահպանելով հին կոնցեպցիան»։
Հովհաննես Նազարեթյան