ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված զգալի չափերով բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակչին:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը 2020թ. սեպտեմբերի 7-ին` ժամը 22:25-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 37-ամյա ծանոթի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ծանոթի կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաք:
37-ամյա ծանոթը օժանդակելով նրանց սպասել է ավտոմեքենայում, իսկ 46-ամյա տղամարդը և մյուս անձը բարձրացել են Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարան, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել ներս, հափշտակել գանձատուփը և դրսում սպասող ավտոմեքենայով, դիմել են փախուստի՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Մյուս երկու անձանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, 37-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Իսկ առերևույթ հանցագործություն կատարած երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։