Մեր իրականության մառազմը. իշխանություններն ընդունեցին Մոզրովի փլուզման փաստը «Չենք լռելու»-ի բարձրացրած աղմուկից հետո

Այսօր առավոտյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկի` հանրահայտ Մոզրովի քարանձավի փլուզման մասին` մեղադրելով պատկան մարմիններին քարանձավի պահպանման հարցում անգործություն ցուցաբերելու մեջ: Նշենք, որ փլուզումը տեղի է ունեցել դեռ օրեր առաջ, և այդ տեղեկատնությունը նախաձեռնությանն են հայտնել Վայքում բնակվող մի խումբ երիտասարդներ:
Զավեշտալի է, որ այսօր առավոտյան հայտարարության տարածումից քիչ անց «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը հերքել է «Չենք լռելու»-ի տեղեկատվությունը` ասելով բառացիորեն հետևյալը. «Մենք կապվել ենք տարածքային բաժնի հետ եւ պարզել ենք, որ նոր փլուզում տեղի չի ունեցել, իսկ շարունակական քարաթափումը բնական բնույթ է կրում»:
Այս ցինիզմին ի պատասխան խնդրին ծանոթ մի շարք ակտիվիստներ մեկնաբանություններ տվեցին լրատվամիջոցներին, ինչից հետո միայն, ժամը 13:21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն տարածեց հետևյալ բովանդակությամբ.
«Մարտի 13-ին, ժամը 12.35֊-ին Վայոց Ձորի Գնիշիկի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը /տես`http://ema.am/index.php?p=1&pobj_id=10588484&ppage=1&pdate=&pregion= / »:
Փաստորեն, իշխանություններն «իմացան» Մոզրովի` դեռևս օրեր առաջ տեղի ունեցած փլուզման մասին միայն «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության բարձրացրած աղմուկից հետո: Սա մեր երկրում տիրող համատարած մառազմի հերթական դրսևորումներից է:
© Medialab.am