Խոշտանգված զինվորի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հոսպիտալ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, մարտի 14-ին Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանի և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանի կողմից խոշտանգման ենթարկված զինվոր Արսեն Գրիգորյանը քիչ առաջ տեղափոխվել է Երևանում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` առողջական վիճակի վատացման պատճառով:
Ինչպես արդեն հաղորդել ենք, ՌՈ բարձրաստիճան աշխատակիցների կողմից զինվոր Արսեն Գրիգորյանը ծեծվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Սակայն զինվորի մարմնի վրա այս պահին առկա են բռնության աղաղակող հետքեր։
Չնայած նրան, որ դեպքի առթիվ ՌՈ ներքին քննությունների բաժնի պետ, փոխգնդապետ Մ. Մուրադյանն իրականացնում է ծառայողական քննություն, սակայն իրազեկ աղբյուրները հավաստում են, որ գործը ծածկադմփոց անելու միտում կա:
Նախաձեռնությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը:
© Medialab.am