«Կլոր սեղան» ՀՀ ոստիկանությունում

Մարտի 18-ին ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր «Կլոր սեղան» քննարկելու մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունները տարբեր գնահատականների էին արժանացրել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաև այն դեպքում, երբ չի կիսում դրանք և, համաձայն վերջին շրջանում ձևավորվող ավանդույթի, պատրաստակամություն հայտնեց բոլոր կնճռոտ խնդիրները դնել հասարակական քննարկման:
Կլոր սեղանի հիմնական նպատակը հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումն էր` նաև քննարկման մասնակիցների միջոցով, ոստիկանության գործողությունների իրավական հիմքերի գնահատումը, հավաքի մասնակիցների կողմից իրենց իրավունքներն իրացնելիս այլոց իրավունքների խախտման դեպքերի վերլուծումը, ինչպես և` նման դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակը:
«Կլոր սեղանը» վարում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Քննարկմանը մասնակցեցին` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի», «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի», «ՀՀ փաստաբանների պալատի», «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության, «Թռչկան» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության, «Սիվիլիթաս» հիմնադրամի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի», «Ժառանգություն» կուսակցության, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ոստիկանության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
«Կլոր սեղանի» մասնակիցները ներկայացրին իրենց դիրքորոշումները և կոնկրետ դեպքի, և հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, հավաքների կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության աշխատանքի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության նախաձեռնության համար, դրական գնահատեցին քննարկումները և հույս հայտնեցին, որ այսպիսի հանդիպումները կլինեն պարբերական և արդյունավետ:
Ամփոփելով քննարկումը` Արթուր Օսիկյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և ակտիվ մասնակցության համար, նաև համոզմունք հայտնեց, որ նման քննարկումները կօգնեն և ոստիկանությանը՝ հասարակական կարգը պահպանելիս, և քաղաքացիներին՝ իրենց իրավունքներն իրացնելիս:
© Medialab.am