ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

2021 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Շնորհավորելով դեսպանին՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ նա իր հարուստ դիվանագիտական փորձն ու ջանքերը կներդնի հայ-ղազախական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Արման Դիլանյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև առկա են դինամիկ հարաբերություններ, որոնք հնարավորություն են ստեղծում երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել երկու երկրների սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ կարևորելով Եվրասիական սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում տարվող համատեղ աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղարը։