«Ճգնաժամը կհաղթահարվի, ու չպետք է պատրանքների մեջ ընկնել և կարծել, թե Իրանը Ադրբեջանի հետ տևական թշնամանքի մեջ է գտնվելու». Արմեն Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վերլուծաբան Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ նպատակով է իրանական կողմն արգելել Ադրբեջանի ռազմական նշանակություն ունեցող ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով:

-Իրանն արգելել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով դեպի Նախիջևան, բայց այդ արգելքը քաղաքացիական ինքնաթիռներին չի վերաբերում: Իրանական կողմն այս արգելքի նպատակը չի նշում, բայց նման քայլերի մեսիջները պետք է տողատակերում փնտրել:

Ակնհայտ լարվածություն կա Իրան-Ադրբեջան հարաբերություններում, և Իրանն իր հերթին պատժիչ գործողություններ է իրականացնում Ադրբեջանի դեմ, ինչը նաև կապված է այն հանգամանքի հետ, որ իրանական բեռնատարների համար ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում Գորիս-Կապան ճանապարհին: Սա Իրանի կողմից պատասխան պատժիչ քայլն է Ադրբեջանին:

– Ինչպես հայտնում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը, Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից՝ այս ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Այս հանգամանքը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Իրան-Հայաստան հարաբերություններում, և իրանական կողմում արձագանք կա՞ այս մասով:

– Իրանական կողմի համար որևէ սենսացիոն բան չկա այս առումով, և որևէ արձագանք էլ չկա: Այս հանգամանքը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա: Իրանի պատժիչ քայլերը կձեռնարկվեն Ադրբեջանի դեմ, իսկ մնացյալն արդեն Հայաստան-Ադրբեջան դաշտում է գտնվում:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, ի՞նչ եք կարծում, ինչ-որ իմաստով Իրանին ուղղված պատասխան քա՞յլ է:

– Չէ՛, կարծում եմ այդ զորավարժություններն ավելի շուտ էին պլանավորված: Հիմա Իրան-Ադրբեջան հարաբերություններում ճգնաժամային փուլ է, լուրջ կոնֆլիկտ կա, և Ադրբեջան-Թուրքիա դուետը, ինչու ոչ՝ նաև Իսրայելի աջակցությամբ, հոգեբանական գրոհ է ձեռնարկում Իրանի նկատմամբ:

Այստեղ լուրջ տարաձայնություններ կան, որովհետև իրանցի պաշտոնյաներն արդեն բացահայտ հայտարարում են, որ իրենք չեն հանդուրժի Ադրբեջանի տարածքում, իրենց բնորոշմամբ՝ սիոնիստական ռեժիմի ամրապնդումն ու նաև ահաբեկիչների ներկայությունը:

Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները կարո՞ղ են փոխակերպվել Իրան-Թուրքիա լարված հարաբերությունների, թե՞ արդեն իսկ կա այդ լարվածությունը:

– Չեմ կարծում, որովհետև Թուրքիա-Իրան հարաբերությունները վերջին տարիներին բավականին ջերմացել են, երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները բավականին մեծացել են, բացի դրանից՝ երկուսին էլ ձեռնտու չէ հարաբերություններ փչացնելը, թեև որոշ խնդիրներ ունեն Սիրիայում. Իրանն ամեն կերպ պաշտպանում է Բաշար ալ Ասադի ռեժիմը, իսկ Թուրքիան ամեն կերպ փորձում է տապալել այն: Չնայած այս խորքային տարաձայնություններին, ամեն դեպքում, երկու երկրները զարգացնում են տնտեսական ու քաղաքական կապերը: Հիշեցնեմ, որ 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո առաջիններից մեկը, որն աջակցեց Էրդողանին, Իրանն էր, ու, ի պատասխան դրան, Թուրքիան էլ Իրանին աջակցող քայլեր է ձեռնարկել:

Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունների մասին, չնայած, էլի լուրջ տարաձայնություններին, այնուամենայնիվ, վերջին տարիներին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, համատեղ իրականացվող տնտեսական նախագծերը բավականին զարգացել են:

Իսկ Իրան-Ադրբեջան լարվածությունը երկա՞ր կշարունակվի՝ ըստ ձեզ:

– Այս երկրների հարաբերություններում երբեք էլ ամեն ինչ խաղաղ չի եղել, եղել են թեժացումներ, որոնք, սակայն, հարթվել են: Կարծում եմ, որ այս ճգնաժամը ևս կհաղթահարվի, ու չպետք է պատրանքների մեջ ընկնել և կարծել, թե Իրանը Ադրբեջանի հետ տևական թշնամանքի մեջ է գտնվելու:

Պարո՛ն Վարդանյան, իսկ այս փուլում Հայաստան-Իրան հարաբերությունները, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ մակարդակում են:

– Կարծում եմ՝ բավականին լավ են: Իրանն արժևորել է Հայաստանի դերը վերջին մի քանի ամիսներին, ինչը նկատելի է նաև իրանցի պաշտոնյաների հայտարարություններում: Իրանում հասկացել են, որ Հայաստանը երբեք էլ հակաիրանական գործողությունների չի դիմել ու չի դիմելու՝ ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնք, չնայած Իրանի հետ ունեցած լավ հարաբերությունների, կարող են թիկունքից հարվածել Իրանին: Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, վերջին ամիսների ընթացքում փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ Իրանն էլ շատ լուրջ մտահոգություններ ունի Հայաստանի այս վիճակի հետ կապված ու ամեն ինչ անելու է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չկարողանա զարգացնել իր հաջողությունն ու Հայաստանում նորերը գրանցել:

-Խոսքը Գորիս-Կապան ճանապարհի՞, թե՞, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է:

– Խոսքը միջանցքին է վերաբերում, որովհետև այդ ենթադրյալ միջանցքը, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ուզում է ստանալ, վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, որովհետև հյուսիսում Իրանը կկտրվի Հայաստանից ու Հայաստանով՝ Եվրոպա ու Վրաստան դուրս գալու հնարավորությունից, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք էլ Իրանի համար վստահելի գործընկերներ չեն եղել: Իրանը շատ լավ հասկանում է, որ այդ պարագայում լուրջ կախվածության մեջ է ընկնելու Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչը չի բխում իր շահերից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am