ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են հոկտեմբերի 13-ին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել են գերատեսչությունում:

Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: