Խորհրդակցություն ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ իր խոսքում նախարար Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։

Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։