Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին․

«Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:

Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»։

https://www.facebook.com/MFA.Armenia/videos/524960541740674/