Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին. Փաստինֆո

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Մանրամասները՝ այստեղ