Պետությունը և եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն իրար գործերի. Արարատ Միրզոյան. Տեսանյութ. Factor.am

Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ճեպազրույցի ժամանակ խոսեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ կարծիքի և դրա շուրջ քննադատությունների մասին:

Factor.am-ի հարցին, թե ընդունելի՞ է դա, Միրզոյանն ասաց. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և չպետք է խառնվեն մեկը մյուսի ներքին գործերին։ Միաժամանակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:

Հարցին, թե թեման նույնիսկ քննադատվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից և արդյոք հարի՞ր է ԱԺ փոխնախագահին նման հարցով քննադատություններ հնչեցնելը, Միրզոյանը պատասխանեց: «Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել:

Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այս պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց չեմ ուզում ասել: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»,- ասաց Միրզոյանը։