«ՀՀԿ-ն շատ վտանգավոր է, որովհետև իր անցյալից չի ուզում դասեր քաղել և վերլուծել այն խնդիրները, ինչի հետևանքով տապալվել է». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարո՛ն Շիրինյան, ՀՀԿ-ն հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց: Այդ հայտարարությամբ ՀՀԿ-ն կարծես Սերժ Սարգսյանին է մեղադրում հեղափոխության համար: Նշվում է, որ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ առաջադրվեց հանրապետության ղեկավարի պաշտոնին, առիթ դարձավ բողոքի ակցիաների: Ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական հայտարարությունը:

– Դա չքմեղանալու, երևույթի խորքը չտեսնելու, հետևաբար քաղաքական և այլ պատասխանատվությունից հեռու մնալու հայտարարություն է: Ասեմ ինչու: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չպետք է առաջադրվեր, դա Սահմանադրության խախտում էր, բարոյական արժեքների անկման հետևանք էր, բայց նաև կլանի ցանկությունն էր: Կլան, ով չէր ուզում լիդերին փոխել, որովհետև այդ կլանն այդ օրերին այլ լիդեր չուներ:

– Այո՛, մենք հիշում ենք, որ այդ փուլում բոլորն ասում էին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

– Այո՛, ասում էին՝ անփոխարինելի է, նույնիսկ տանում էին «ռեմոնտ» անում, բերում էին՝ հարկատուների կամ բիզնեսմենների փողերով: Այդքան փող էին ծախսում մի լիդերի վրա, ով լիդերի ոչ մի հատկանիշ էլ չուներ, մենք դա տեսանք ապրիլյան պատերազմի օրերին:

ՀՀԿ այդ հայտարարությունը խորքը չտեսնելու հետևանք է: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ Նիկոլ Փաշինյանի կողմից շարժում կազմակերպելու առիթով, իր խարիզմատիկ լինելու հատկանիշով և ճիշտ մարտավարություն կիրառելու արդյունքում: ՀՀԿ-ն շշմել էր, երբ ցանցային պայքարի մեթոդ էին կիրառում, ոստիկանությունը հալից ընկել էր: Դա նշանակում է նաև, որ ՀՀԿ-ն բացարձակապես չէր տիրապետում ժամանակակից քաղաքագիտական ու քաղաքական պայքարի մեթոդներին, մնացել էր լենինյան դարաշրջանում: Բայց խորքային խնդիրը ո՞րն էր: Երկիրը սոցիալ-տնտեսական աղետ էր ապրում, բացարձակ մտել էր փակուղի ու օտարի տնօրինությանն էր հանձնված: Եվ ժողովուրդն այլևս համբերելու տեղ չուներ:

Այս հայտարարությունը նշանակում է, որ ՀՀԿ այս նոր եկած խումբը շատ վտանգավոր է քաղաքական իմաստով, որովհետև իր անցյալից չի ուզում դասեր քաղել և չի ուզում իրականում վերլուծել այն խնդիրները, ինչի հետևանքով ինքը տապալվել է: Նրանք հեղափոխության առաջին օրերից շշմած էին, չգիտեին ինչ անել: Եվ ես վստահ եմ, որ եթե շարժման դինամիկան ու արագությունը չլինեին, կրակելու էին ժողովրդի վրա: Իրենց բացատրությունը, թե Սերժը դրան պատրաստ չէր, տեղին չէ, լավ էլ պատրաստ էր: Եթե պատրաստ չէր, թող Մարտի մեկին չկրակեր: Պարզապես այս անգամ գործընթացն իրենց վերահսկողությունից շատ արագ դուրս եկավ: Պետք էր արդեն ենթադրել, որ իրավապահ մարմիններն ու ուժային կառույցներն այլևս հրաման չէին կատարելու: Այդ ամենը բերեց փլուզման, իրենց իշխանությունը փլուզվել է, Հանրապետական կուսակցությունը ևս փլուզվել է:

– Նրանք հենց Նիկոլ Փաշինյանին են մեղադրում Մարտի մեկի համար: ՀՀԿ հայտարարությունում նշվում է. «Հաշվի առնելով այն, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում մարդկային զոհեր եղան, Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել էր իրավիճակի սրման վտանգները»: Սա ի՞նչ մեղադրանք է:

– Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է: Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը դերակատար չի եղել: Հիմնական դերակատարներ են եղել Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և նրանց թիկունքում թաքնված նախագահացու Սերժ Սարգսյանը, որը նաև վարչապետ էր: Հետևաբար, Մարտի մեկի պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է նրանց վրա: Իսկ Նիկոլ Փաշինյանին կամ մյուսներին մեղադրելը նշանակում է ժողովրդին մեղադրել բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ, ինչն անհասկանալի է: Ժողովուրդն ունի ցույցերի, գործադուլի, նույնիսկ ապստամբելու իրավունք, և ոչ ոք նրա վրա կրակելու իրավունք չունի: Իրե՛նք պետք է իրենց բնավորությունը փոխեն, մանիպուլյացիայով զբաղվելը հիմա արդյունք չի տա:

– Ի՞նչ շանսեր ունի ՀՀԿ-ն՝ ընտրական գործընթացում ներգրավվելով նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ ու նման հայտարարություններով:

– Երիտասարդ կադրերով են ներկայանում, բայց մտածողությունը 100 տարվա է: Ինձ թվում է՝ Վիգեն Սարգսյանը՝ որպես երիտասարդ մարդ, հեղափոխությունից և երկրի վերափոխումից է խոսելու, բայց ինքը անցյալից կառչած է: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն վաղուց արդեն անցյալի կուսակցություն է: Շանսեր կա՞ն խորհրդարան անցնելու, թե՞ ոչ՝ դժվարանում եմ ասել: Ամեն ինչ կախված է նրանից, թե կլանն ինչքան է ճյուղավորված:

– Վերջին օրերին բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, որով նա մարդկանց կոչ է անում աշխատել: Ասում է, որ երկրում 800 հազար չաշխատող մարդ 350 հազար աշխատողների հաշվին է ապրում: Արդյոք նմանօրինակ ելույթները կարո՞ղ են առիթ լինել, որ մարդիկ հիասթափվեն Փաշինյանից:

– Իհարկե, հիասթափություններ կարող են լինել: Առաջին դեմքի ցանկացած արտահայտություն զգայուն կերպով արձագանք է գտնում, մանավանդ հեղափոխությունից հետո: Բոլոր դեպքերում մի բան պարզ է. ընդդիմախոսների հիմնական հակառակորդը Նիկոլ Փաշինյանն է: Չեն կարողանում մարսել, չեն մարսվում այս փոփոխությունները, այս ամենի հեղինակը նախկին հարուստներն են, պետության ու բանակի հաշվին հարստացածները: Բայց վարչապետն էլ պետք է կշռադատված հայտարարություններ անի: Մի բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հեղափոխության առաջնորդ, պետք է պաշտպանվի, որպեսզի երկրորդ փուլ սկսենք ընտրություններից հետո: Պետք է մաքրազարդում ու տնտեսության և մշակույթի զարգացում լինեն երկրորդ փուլում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am