Լոռու մարզում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 5-ի․ Մարզպետի կոչը

Հեղինակ MediaLab

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է :

«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք:

Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

Սա եւս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:

Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին եւ մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը եւ յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որեւէ անդամի երբեւէ չի հասնի: Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:

Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:

Կրկին անգամ խնդրում եւ հորդորում եմ՝ հետեւել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը եւ կյանքը»։