COVID-19. Աշխարհում ավելի քան 2 մլն 200 հազար մարդ է վարակվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 200 հազար 377-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 147 հազարը: Ապաքինվել է 558 հազար 150 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 138 հազար 273 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 105 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 193 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Բրազիլիայում կա 30 հազար 891, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 30 հազար 106 հաստատված դեպք:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:


Գերմանիայի առողջապահության նախարարը կորոնավիրոսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է համարում


Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ամփոփելով կորոնավիրուսի հետ կապված կարանտինի միջոցառումները, առանձնացրել է դրական արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: «Այսօրվա տվյալներով համաճարակը մեր երկրում դարձել է առավել վերահսկելի»,-ասել է նա Բեռլինում ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում: Մարտի կեսերից երկրում մտցված խիստ սահմանափակումները նա համարում է ամբողջական արգելակում, որը տվել է իր արդյունքները:

Նախարարի խոսքով՝ երկրում ի հայտ եկող նոր դեպքերի թիվը կրճատվում է: Ապրիլի 12-ից սկսած ապաքինվում է ավելի շատ մարդ, քան վարակվում է: «Գերմանիայի առողջապահության համակարգը որևէ ժամանակահատվածում չի եղել գերծանրաբեռնված»,-վստահեցրել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ մայիսից բուժհաստատությունները կվերադառնան աշխատանքային բնականոն ռեժիմի: Կորոնավիրուսի պատճառով հետաձգված վիրահատությունները կարվեն: Ամեն դեպքում բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների 25-30 տոկոսը կառաձնանցվի կորոնավիրուսով հիվանդների համար:

Նախարարը նշել է, որ Գերմանիայում մինչ այժմ 1.7 մլն մարդ թեստավորվել է: Ներկայում Գերմանիայում օրական իրականացվում է 350 հազար թեստավորում, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է հասցվել 700 հազարի:


Դանիայում կվերաբացվեն գեղեցկության սրահները, ավտոդպրոցները

Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Դանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումները հետզհետե հանելու մասին: Մասնավորապես, ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և ևս որոշ փոքր ընկերություններ: Դանիայում 11 տարեկանից ցածր երեխաների համար դպրոցներում պարապմունքներն արդեն սկսվել են: Շաբաթվա սկզբին բացվել են որոշ խանութներ: Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Երկրի սահմանները ևս փակ են:

Վարակի բռնկումից ի վեր Դանիայում 7 հազարից ավելի վարակվածության դեպք կա, 321 հիվանդ մահացել է:


Իտալիան պատրաստվում է ծովափնյա սեզոնին


Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, քանի դեռ չկա պատվաստանյութ, չի կարելի խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ ծովափում հնարավոր լինի իտալացիների հանգիստը կազմակերպել:
Քննարկվում է ծովափին հանգստի համար նախատեսված իրերի կահավորումն այնպես կազմակերպել, որ միմյանց միջև հեռավորությունը լինի 10-14 մետր: Նշվում է, որ ծովափում հանգստանալու համար տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ:
Տարածքն ախտահանելու գործընթացը կլինի ամենօրյա: Ընդհանուր խաղահրապարակներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի:

Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում հաջորդ շաբաթվանից դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ նախագահ Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ապրիլի 17-ին մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում:
«Պետք է սկսել սովորել, սակայն՝ դանդաղ և հանգիստ: Գյուղերում խնդիր չկա, այնպես որ որտեղ հնարավոր է, թող սկսեն պարապմունքները, իսկ եթե քաղաքում կա, ապա մեկ շաբաթ կպահանջվի Զատկից հետո, որպեսզի երեխաներին հետզհետե բերենք ուսումնական գործընթաց»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ կամաց-կամաց պետք է սկսել սովորել, քիչ-քիչ այդ պրոցեսը գործի գցել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բելառուսի նախագահը մեկ շաբաթ ևս երկարաձգել էր դպրոցական արձակուրդների ժամկետը՝ մինչև ապրիլի 18-ը:
Բելառուսում կա կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 204 դեպք, մահացել է 40 մարդ:


Ավստրալիայում Չինաստանին կոչ են անում տրամադրել COVID-19-ի ծագման տվյալները


Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դատոնը նշել է, որ կորոնավիրուսն արդեն 60-ից ավելի ավստրալացիների կյանք է խլել, և հարյուրավոր մարդիկ գտնվում է ծանր վիճակում: «Այդ բոլոր ընտանիքները պատասխաններ կպահանջեին: Ես չեմ կարծում, որ մենք խնդրում ենք շատ բան: Մեզնից հաստատ դա կպահանջեին, եթե Ավստրալիան հայտնվեր վարակի տարածման էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,-ասել է նա: Ավելի վաղ, ինֆորմացիան թաքցնելու մեղադրանքներին ի պատասխան, Չինաստանը նշել էր, որ հենց սկզբից իրենք հակված են եղել բաց և պատասխանատու դիրքորոշմանը՝ կապված վարակի տվյալների հրապարակման հետ:


Զգույշ, քայլ առ քայլ. Թրամփը խոսել է ամերիկացիների աշխատանքի վերադառնալու ծրագրի մասին


ԱՄՆ նախագահ դոնալդ Թամփը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, ըստ որոնց, կորոնավիրուսի հետևանքով լրջորեն տուժած տնտեսությունը կարող է բացվել, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: ԱՄՆ նախագահը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ծրագիրը կկատարվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին նահանգի առանձնահատկություններն ու իրավիճակը: Նա ընդգծել է, որ երկրի նահանգները պետք է իրականացնեն փուլային մոտեցում ամերիկացիների աշխատանքի վերադառնալու համար: «Մենք ամբողջը միանգամից չենք բացում, այլ քայլ առ քայլ, զգույշ»,-ընդգծել է նախագահը:
Սպիտակ տան նախագիծը նախատեսում է տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացում այն շրջաններում, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է: Ամենից շատ տուժած նահանգներում սահմանափակումները կգործեն երկար ժամանակով:


Գեղասահքի ԱԱ-ն 2020 թվականին չի կայանա


Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա: Ավելի վաղ քննարկվում էր աշխարհի առաջնությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու տարբերակը:
Գեղասահքի առաջնության չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: