Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան․ զորամաս չի կառուցվում․ Fip.am

Դեկտեմբերի 13-ին «Փաստինֆո» լրատվականը տեսանյութ էր հրապարակել` «Ադրբեջանցիները զորք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում`զորամաս են կառուցում» վերնագրով։ 

Կարճ ժամանակ անց տեսանյութը մեծ տարածում էր գտել համացանցում և լրատվական կայքերում, սակայն որևէ պաշտոնական պարզաբանում չէր տրվել։ 

Fip.am-ի հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ 

«Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, և որևէ արտառոց բան չի եղել, տեսանյութը նկարվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Ինչ-որ հատվածում պետք է ճշտեին սահմանը, գնացել ճշտել են հայկական կողմի հետ միասին»,- ասաց նա։ 

Քաղաքապետը նաև հորդորեց Ջերմուկ քաղաքի անունը չշահարկել։ Ըստ նրա՝ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։ 

«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»,- ասաց նա։ 

Նելլի Լազարյան 

Fip.am