Երկու հոգի մահացել են բոտուլիզմից

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 8 դեպք` 12 տուժածով, որից 2-ը մահվան ելքով:
Դեպքերն արձանագրվել են Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում և Երևանում:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝

· խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

· Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել այն ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

· Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից

· Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, բերանի չորություն, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում:

© Medialab.am