ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը տեղեկացված է ապրիլի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Բաբկեն Գարոյանի վրա հարձակման փաստի մասին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակ Ջուզեպպե Միլացցոյի գրավոր պատասխանում նշվում է, որ իրենց գործելաոճի չափանիշներով դիտարկում են քարոզարշավի բնույթն ու քաղաքական միջավայրը:
«Որքանով տեղյակ ենք, հիշյալ միջադեպը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության ներքո: Մեր դիտորդները հետեւում են այդ դեպքի կապակցությամբ առկա զարգացումներին, ինչպես նաեւ պաշտոնական մարմինների արձագանքին», – ըստ ասել է Ջուզեպպե Միլացցոն:
Նա կարեւոր է համարում արձանագրել, որ անկողմնակալ եւ փաստերի վրա հիմնված գնահատումը այն հիմքն է, որի վրա իրենք կառուցում են իրենց դիտարկման գործելակերպը:
«Դիտորդական առաքելությունը կտա իր գնահատականը ընտրական ողջ գործընթացի համատեքստում եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան: Մեր նախնական զեկույցը կհրապարակենք ընտրությունների հաջորդ օրը: Մինչ այդ Առաքելությունը որեւէ եզրակացություն չի անի ընտրական գործընթացների վերաբերյալ», – նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակը:
© Medialab.am