Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը հնարավոր է ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

Հեղինակ MediaLab

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:

«Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն: 

Դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը:

Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին»: