ՀՔԱՎ-ին դիմած քաղաքացիների հարցերի մեծ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքներին ու Կառավարության միջոցառումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալուն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հեռավար աշխատանքի անցնելուց հետո մեր աշխատակիցները շարունակեցին իրավական աջակցություն տրամադրել քաղաքացիներին հեռավար կարգով։ 

Ամփոփել ենք արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 2020 թ․ մարտի 16 – ապրիլի 15 ժամանակահատվածում, քաղաքացիների կողմից ստացած դիմումներն ու արձանագրված խնդիրները։ 

Իրավախորհրդատվությունը տրամադրվել է և հեռախոսազանգի, և համացանցի տարբեր գործիքների միջոցով։ 

Այսպես՝ 2020 թ․ մարտի 16 – ապրիլի 15 ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տրամադրել է 125 իրավաբանական խորհրդատվություն։ 

Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ահազանգերի թվում ամենամեծ թիվ են կազմել աշխատանքային իրավունքներին վերաբերվող հարցերը` 25 խորհրդատվություն, ևս 25 դեպքում խորհրդատվություն է տրամադրվել զորակոչիկներին, նախկին ու ներկա զինծառայողներին։ 

Բազմաթիվ են եղել հարցերը Կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների չեզոքացման  միջոցառումների վերաբերյալ: Արտակարգ դրության մեկ ամսվա ընթացքում այդ բնույթի հարցերով իրավախորհրդատվություն ենք տրամադրել 17 անգամ։ Դրանց մասին մենք պարբերաբար հրապարակումներ ենք արել «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։ 

Նշենք, որ 2 դեպքում քաղաքացիները հետաքրքրվել են տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով կազմված վարչական ակտի բողոքարկման մեխանիզմների մասին։ 

Բացի ընթացիկ հարցերից՝ արտակարգ դրության պայմաններում 1 ահազանգ ենք ստացել պայմանագրային զինծառայողից՝ սահմանված 15 օր հերթափոխային ժամկետից ավել՝ 1.5 ամիս տևողությամբ անընդմեջ պայմանագրային ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ։ 

ԱՅՍՏԵՂ ներկայացնում ենք մանրամասն թվային տվյալները՝ ըստ խախտված իրավունքների և արձանագրված խնդիրների։

Հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։