Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց. Փաստերի ստուգում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց. Փաստերի ստուգում
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց. Փաստերի ստուգում

Ռոբերտ Քոչարյանը  օգոստոսի 16-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված իր երկրորդ հարցազրույցում արել է մի շարք մանիպուլյատիվ և կեղծ հայտարարություններ։

Երկնիշ տնտեսական աճ

Խոսելով իր պաշտոնավարման տարիների մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ուշադրություն է հրավիրել այդ տարիներին արձանագրված տնտեսական աճի վրա։ «Իմ տարիներին տնտեսությունն աճել է 5 անգամ, իսկ բյուջեն՝ 8 անգամ»,- ասել է Քոչարյանը` հավելելով, որ այդպիսի ցուցանիշների պարագայում երկրում չէր կարող կոռուպցիայի բարձր մակարդակ լինել։

Փորձենք, սակայն, հասկանալ, թե ինչի՞ հաշվին է այդ տարիներին արձանագրվել այդպիսի աճ, և արդյո՞ք այդ աճը իրական էր։

«Քոչարյանական» տարիների ընթացքում տնտեսական աճի հիմնական խթանը շինարարությունն էր, որն ապահովում էր երկնիշ աճի մեծ մասը։ 2002 թվականին Հայաստանում արձանագրվել էր 12,9 տոկոս տնտեսական աճ, որից 4,8 տոկոսը շինարարությունն էր այն պարագայում, երբ, օրինակ, գյուղատնտեսության աճը կազմում էր ընդամենը 1,1 տոկոս։ 2003 թվականին արձանագրված 13,6 տոկոս տնտեսական աճի արդեն 5,6 տոկոսն էր ապահովում շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսը։ Այս միտումն իր գագաթնակետին հասավ 2006 թվականին, երբ 13,4 տոկոս տնտեսական աճի մեծ մասը` 8,1 տոկոսը, կազմում էր շինարարությունը, իսկ գյուղատնտեսության աճը ռեկորդային ցածր էր՝ 0,1 տոկոս։

Հարկ է նշել, որ այդ տարիներին կառուցվում էին ոչ թե արտադրական նշանակության շենք-շինություններ, այլ բնակելի տներ (օրինակ` Հյուսիսային պողոտան)։ Սրա վրա հիմնված տնտեսական աճը հետագա զարգացման ոչ մի հիմք չէր ապահովում, ավելին՝ տանում էր ճգնաժամի։ 2009 թվականին Հայաստանում արձանագրվեց ռեկորդային տնտեսական անկում՝ 14,2%, որի 10,7%-ը կազմում էր հենց շինարարությունը։ Հետագա տարիներին տնտեսությունը սկսեց դանդաղ, բայց աճել, ընդ որում, դրանում շինարարության մասնաբաժինը գնալով նվազում էր:

Կադրային ջարդ

Քննադատելով ներկայիս իշխանություններին՝ պաշտոնաթող նախագահը նրանց մեղադրել է կադրային ջարդի մեջ։ «Ոչ միայն նախարարներին են փոխել` փոխնախարարներին, վարչության պետերին։ Չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել․․․ նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է»։

Այս պնդումը ճիշտ չէ։ Փոխվել են միայն նախարարները, փոխնախարարներից շատերը շարունակում են այսօր էլ աշխատել, իսկ վարչության պետերի կամ այլ քաղծառայողների փոփոխություն գրեթե չի եղել։

Բանակի վարկաբեկում

Խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին` Քոչարյանն ասել է, որ նոր իշխանությունները վարկաբեկում են բանակը։ «Մեղադրել բանակը սահմանադրական կարգի տապալման մեջ` իմ ղեկավարությամբ, քաշքշել այն մարդկանց, ովքեր լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության հարցում՝ սրանք ուղղակի անպատասխանատու քայլեր են»։ Իրականում, սակայն, բանակը երբեք էլ չի մեղադրվել։ Այս պահին հայտնի է մեղադրվող 3 անձ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և ինքը` Քոչարյանը։

Գնաճ

Խոսելով տնտեսական քաղաքականության մասին` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն գոյություն չունի։ «Այսօր բոլորը բողոքում են, որ գներն աճել են։ Անցած տարվա համեմատ գները կրկնակի աճել են, այսօր ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել»։

Մինչ պաշտոնաթող նախագահը խոսում է կրկնակի գնաճի մասին, ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է բոլորովին այլ ցուցանիշներ։

Այսպես, 2018 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 1,8%։ 2018 թվականի կիսամյակային գնաճը, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,4%։ Ըդն որում, հարկ է նշել, որ առանձին ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում (շաքարավազ, բանան և այլն)։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am