«Նման ղեկավարը ոչ մի կերպ չի ձգտելու գերիներին ազատել գերությունից, որովհետև արդեն իսկ կանխակալ մոտեցում ունի նրանց նկատմամբ». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ալեն Սիմոնյանն ասում է, թե «էդ գերիները» իր համար չկան, և նրանք այն մարդիկ են, ովքեր զենքը դրել են ու փախել: Կա կարծիք, որ նա պետք է հրաժարական տա: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ալեն Սիմոնյանի այդ խոսքը հստակ տեսակետ ու դիրքորոշում է, որն արտահայտողը, իմ կարծիքով, իրավունք չունի շարունակել մնալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Եթե մենք ժողովրդավար պետություն ենք, ապա մեզ համար մարդը պետք է հռչակված լինի բարձրագույն արժեք, իսկ պետական պաշտոնյաների այն վերաբերմունքը, ինչպիսին Ալեն Սիմոնյանի վերաբերմունքն է, պետք է դատապարտել: Ես հույս ունեմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, այդքան պատիվ ունենք, որպեսզի չհանդուրժենք նրա հետագա պաշտոնավարումը:

– Գերիների մասին կարծես նույնաբովանդակ հայտարարություն մի քանի շաբաթ առաջ արել էր վարչապետը…

– Չէ՛, վարչապետն ասել էր, որ պետք է քննել, այնպես կատեգորիկ չէր, ինչպես ԱԺ նախագահն է ասում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խոսում է արդարադատության մասին: Այո՛, մենք կարող ենք ենթադրել, որ ինչ-որ պաշտոնյաներ թերացել են, միտումնավոր են արել կամ դավաճանության հարց կա: Էական չէ: 

Բայց քանի դեռ ՀՀ որևէ մի քաղաքացի ապօրինաբար գտնվում է անազատության մեջ, իսկ գերիներին ապօրինաբար են զրկել ազատությունից, ապա Հայաստանը պարտավոր է ջանք ու միջոց չխնայել իր քաղաքացիներին արդար դատավարության առաջ կանգնեցնելու, եթե նրանք մեղավոր են: Պետական բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի առանց քննության, առանց հանգամանքների ուսումնասիրության գնահատական տալ: 

Ընդհանրապես, դա խոսում է այդ պաշտոնյայի անպատասխանատվության, իր վերաբերմունքի մասին: Նման ղեկավարը, բնականաբար, ոչ մի կերպ չի ձգտելու այդ գերիներին ազատել գերությունից, որովհետև արդեն իսկ կանխակալ մոտեցում ունի նրանց նկատմամբ:

– Դուք ասում եք՝ մարդն արժեզրկված է, ինչո՞ւ այդուհանդերձ նման իրավիճակի հասավ: 

– Շատ խորքային հարց է: Իմ գնահատմամբ՝ 1988-1990 թվականներից սկսած գործընթաց է եղել դա, որը բերել է այս հետևանքներին: Այսինքն՝ մենք, որպես ժողովուրդ, 1988-1989 թվականին ինքնորոշման խնդիր էինք բարձրացրել ու ազատության մասին էինք երազում, և այդ ազատության փոխարեն մեզ պարտադրվեց պայքարել տարածքների համար: 

Այսինքն՝ մենք մարդու իրավունքներն ու արժանապատիվ կյանքը թողեցինք և սկսեցինք պայքարել հողի համար: Իհարկե, հողի համար պայքարը կարևոր էր, բայց հողը կարևորվում է այն մարդով, որը դրա վրա ապրում է: 

Եվ եթե մենք հետևողականորեն, 30 տարի հողի կարևորության անվան տակ նսեմացրել ենք մարդու արժանապատվությունը, ապա այսօր ունենք այն, ինչ ունենք: 

Մեր քաղաքական դաշտը պտտվել է առավելապես այդ գաղափարի շուրջ՝ հողն է կարևոր, մինչդեռ հողի կարևորությունը հարցականի տակ չի դրվել: Բայց խնդիրն այն է, որ դրա արդարացմամբ՝ մարդու կյանքն է իմաստազրկվել: 

Այսինքն՝ մարդուն ասվել է՝ դուք քո արժանապատվությունը պետք է մի կողմ դնես, անմարդկային, ստորացուցիչ պայմաններում լինել զինվոր, մեռնել այն հողի համար, որը ազատագրել ենք, և մարդը այլընտրանք չի ունեցել: 

Դրանով է պայմանավորված նաև արտագաղթը, որ ունեցել ենք տարիներ շարունակ, նաև այն, որ գերի են ընկնում, որովհետև իր հայրենիքը սիրող, գնահատող և երկրի կողմից գնահատվող մարդը դժվար թե գնա այդ քայլին:

– Ալեն Սիմոնյանը պարզաբանում է տվել և հայտարարել է, թե իր խոսքը մոնտաժված է: Ինչպե՞ս եք գնահատում նման արձագանքը:

– Մոնտաժված, այո՛, կարող է լինել, բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև այնտեղ կոնտեքստից կտրված ոչ մի բան չկա: Այն, ինչ ինքն ասել է, ասել է, և հիմա հերթական գլուխարդուկոցին է գնալու, փորձելու են արդարացնել: Իհարկե այդպես չէ: Չկա մոնտաժի խնդիր, մարդը կարծիք է արտահայտում:

Մարդն ասում է՝ այդ գերիներն ինձ համար չկան: Հիմա եթե ինքը հայտարարի, որ այդ գերիներին հետ է բերելու, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխում, որովհետև այդ գերիները եթե քեզ համար չկան, արդեն չկան: 

– Այդուհանդերձ, պարո՛ն Միսկարյան, ըստ ձեզ, ինչո՞ւ է այս իշխանությունը կամ դրա առանձին դեմքեր պարբերաբար հայտնվում նման սկանդալների կենտրոնում: Թվում է, թե երկրում կան անվտանգային, արտաքին շատ խնդիրներ, բայց հանրությունը կենտրոնանում է առանձին գործիչների ծառայողական մեքենաների, նրանց արտահայտությունների վրա: 

– Այո՛, կա նման իրավիճակ, և խնդիրը արժեհամակարգային է: Դա գալիս է նրանից, որ կառավարող ուժը գաղափարական առանցք չունի, Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, մերժում էր գաղափարները, «իզմ»-երը, և սա դրա դրսևորումներից մեկն է: Մարդիկ հավաքվել են, և իրենք էլ չգիտեն՝ ինչ արժեքների շուրջ: Եթե չկա արժեքային առանցք, ապա ով ինչ ասես, ինչպես ասես դրսևորվում է՝ իր արժեքային համակարգից ելնելով: 

Բայց մենք 2018-ին մերժել ենք հենց այն արժեքները, որոնք նրանք այսօր դրսևորում են: Հետևաբար լուրջ մտածելու առիթ է սա նրանց, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար՝ վերաիմաստավորելու մոտեցումները քաղաքականությանը և, ընդհանրապես, քաղաքական կյանքին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am