Տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն

Ազգային առաջընթացք կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր համակիրներին է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու որոշման հիմնական պատճառները: Մարությանը խոսել է  օգոստոսի 23-ին տեղի ունեցած Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում:

Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ Հայկ Մարությանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։ «Մեկը քաղաքն է՝ իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ: Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։ Պետք է վերադառնալ եւ նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», – ասել է Հայկ Մարությանը։ Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգեւորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ՝ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։«Երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ», – եզրափակել է քաղաքապետի թեկնածուն։ Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։