«Հայաստանում կանանց նկատմամբ բռնության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այն թաքցվում է». Նաթալին՝ Ավստրալիայից Հայաստան՝ կանանց օգնելու

Ավստրալահայ Նաթալի Մարգարեանը միշտ է իմացել՝ կյանքի մի փուլում ուզում է հայրենիքում ապրել և աշխատել, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չունի տան այն զգացողությունը, որն ունենում է Հայաստանում։ Միջազգային զարգացման մասնագետ Նաթալիի համար դա գուցե երազանք մնար, եթե չլիներ «Դեպի Հայք» նախաձեռնությունը, որն աջակցում է երիտասարդ սփյուռքահայերին՝ Հայաստան տեղափոխվելու և կամավորական աշխատանք գտնելու հարցում:

«Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ սփյուռքում բոլորս գումար կամ մարդասիրական օգնություն էինք հավաքում Արցախի համար, զգում էի, որ ինձ համար դա բավարար չէ։ Այդ ընթացքում հատկապես սուր էի զգում հայրենիքիս հետ կապը, ուզում էի ավելի կարևոր, նշանակալի մասնակցություն ունենալ Հայաստանում։ 

Դժվար էր սփյուռքահայ լինել, երբ հայրենիքումդ պատերազմ է: Ինչ էլ անես, միևնույն է՝ քիչ է թվում: Մենք ազգ ենք, որը վերապրել է Ցեղասպանություն, և, միևնույն է, կանք: Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է որևէ նշանակալի բան անի կյանքում, այլապես մեր լինելու իմաստը կորչում է: 

Համալսարանում ուսումնասիրել եմ գենդերային հիմնահարցեր, և ինձ համար, բացի հայրենիք գալուց, շատ հստակ էր նաև, որ ուզում եմ կանանց հիմնահարցերով զբաղվել։ Ստացվեց այնպես, որ Հայաստանում բոլոր այս ցանկություններս մեկտեղվեցին, որովհետև ես գտա հայ կանանց ստեղծած, արդեն աշխարհահռչակ Safe you ստարտափը, որին և միացա՝ որպես միջազգային համագործակցության ղեկավար»,- պատմում է Նաթալին։

Safe YOU բջջային հավելվածը ստեղծվել է Հայաստանում՝ Impact Innovations Institute սոցիալական ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանի կողմից։ Հիմնական նպատակը կանանց նկատմամբ բռնության դեպքերը կանխելն ու նվազեցնելն էր՝ հատկապես համավարակի պայմաններում։ 

Հավելվածը մի շարք գործառույթներ է կատարում՝ բռնության կանխարգելումից, հետաքննության համար արժեքավոր տվյալներ հավաքելուց մինչև պետական և հասարակական կառույցների ու անհատ մասնագետների համախմբում, որոնք կարող են օգնություն ցուցաբերել բռնությունից տուժած կանանց։

Բջջային հեռախոսում հավելվածը ներբեռնելով՝ օգտատերը հնարավորություն է ստանում վտանգավոր իրավիճակում HELP կոճակի մեկ սեղմումով դիմել օգնության։ Ընդամենը 3 վայրկյանի ընթացքում օգտատիրոջ անունը, ազգանունը, իրական ժամանակում նրա տեղորոշման տվյալներն ուղարկվում են միանգամից մի քանի հասցեատերերի, այդ թվում՝ ոստիկանություն։ 

Հնարավոր հասցեատերերի թիվը կարող է հասնել 7-ի, այդ թվում՝ օգտատիրոջ համար վստահելի մարդկանց, ընտանիքի անդամների կամ ընկերների։ Միևնույն ժամանակ, հավելվածը ինքնաշխատ կերպով սկսում է ձայնագրել շուրջը կատարվող իրադարձությունները, ինչը շատ օգտակար կարող է լինել հետաքննության ժամանակ:

«Բացի այն, որ այս հավելվածը շատ արժեքավոր գործիք է հենց բռնության կանխարգելման իմաստով, այն նաև վիճակագրական տվյալներ հավաքելու լավ մեխանիզմ է, որի միջոցով ոլորտում աշխատող կառույցները, կառավարությունները կարող են հստակ պատկերացում կազմել գենդերային հիմքով բռնության վերաբերյալ և ըստ այդմ մշակել իրենց երկարաժամկետ քաղաքականությունները»,- ասում է Նաթալին։

Հավելվածում կա նաև ֆորումների բաժին, որտեղ համապատասխան մասնագետները՝ հոգեբաններ, իրավաբաններ, սոցիալական աշխատողներ, զրուցում, ուղղորդում կամ խորհուրդներ են տալիս դրանց կարիքն ունեցող կանանց։ Նաթալին վստահ է՝ սա շատ կարևոր է հատկապես այն կանանց համար, որոնց շփումները խստորեն վերահսկվում են բռնարարի կողմից:

«Ֆորումների այս բաժինը շատ կարևոր է այն իմաստով, որ կանայք իրենց միայնակ չեն զգում, նրանք հասկանում են, որ մենակ չեն այս չարիքի դեմ պայքարում։ Նրանք կարող են իրական ժամանակում ստանալ իրավաբանի կամ հոգեբանի խորհրդատվություն, հատկապես, եթե զրկված են մասնագիտական կամ անձնական շփումների այլ հնարավորություններից»,- բացատրում է Նաթալին։

Ի դեպ, Safe YOU-ն Հայաստանում ստեղծված միակ թվային լուծումն է, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թվային համագործակցության քարտեզի համապատասխան ճանաչվել է «Թվային հանրային բարիք» (Digital public good)։ Այս հարցում որոշողները հաշվի են առել ոչ միայն հավելվածի հանրային նշանակությունը, այլև այն, որ այն ստեղծվել է կանանց կողմից՝ կանանց համար։

2020 թ. ընտանեկան բռնության դեպքով Հայաստանում 730 քրեական գործ է հարուցվել, 2021 թ․՝ 556 գործ է քննվել Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում։ Անցյալ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտանեկան բռնության վերաբերյալ 129 քրեական գործ՝ 135 անձի վերաբերյալ: 2022 թ․ առաջին երեք ամիսներին գրանցվել է կնասպանության 1 դեպք։

Ընդհանուր առմամբ, 2010 թ․-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 80 կին է սպանվել ամուսնու կամ նախկին զուգընկերոջ կողմից։ 

Նաթալին ասում է՝ ընտանեկան բռնությունը բնորոշ է բոլոր հասարակություններին։ Օրինակ՝ Ավստրալիայում ամեն շաբաթ մեկ կին է սպանվում ընտանիքում։ Ուստի իր համար հայկական իրականությունը զարմանալի չէր։ Զարմանալին մեդիայի արձագանքն էր կնասպանության դեպքերին․ ամիսներ տևած ուսումնասիրության արդյունքում Նաթալին իր համար բացահայտեց, որ ընտանիքում սպանվող կանայք «լուր չեն դառնում» Հայաստանում, այդպիսին է մշակույթը․

«Կարծում եմ՝ Հայաստանում կանանց նկատմամբ բռնության հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այն թաքցվում է։ Մենք, իհարկե, լսում կամ կարդում ենք նորություններ սպանված կամ բռնության ենթարկված կանանց մասին, բայց դրանք գրեթե միշտ ավարտվում են՝ «Հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն հաջորդիվ» մտքով։ 

Եվ այս դեպքերին այլևս արձագանք չի լինում։ Այս կանանց պատմությունները մնում են չպատմված ու չլսված։ Այս հաղորդագրություններից հետո նրանց մասին ուղղակի մոռանում են։ Եվ ստացվում է, որ կանայք այս ամենը սկսում են ընկալել որպես նորմա, որպես մի բան, որի մասին խոսել չի կարելի»,- ասում է Նաթալին։ 

Հավելվածի միջազգային համագործակցության ղեկավարն ասում է, որ հավաստի վիճակագրական տվյալների պակաս կամ մեդիայի կողմից թեմայի անտեսում կա շատ այլ երկրներում ևս։ Իրենց պայքարը նաև սրա դեմ է։ Հարևան Վրաստանում հավելվածն արդեն 20000-ից ավելի օգտատեր ունի, այս պահին հավելվածը ներդրվել է  նաև Իրաքում՝ արաբերենով: Արդեն իսկ բանակցում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Սիրիայի գրասենյակի հետ։ Այսօր հավելվածով հետաքրքրված են Մարոկկոյի, Ռուանդայի, Զիմբաբվեի գործընկերները, ինչպես նաև՝ Դանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի։ 

Նախորդ 1.5 տարիները Նաթալին իր կյանքի ամենակարևոր փուլերից է համարում։ Ապրեց հայրենիքում, որտեղ գտավ ընկերներ ու ամուր մեջք, որտեղ իրեն ապահով զգաց, գտավ տեղ, որ տուն է, և ուր կարող է վերադառնալ:

«Երբեմն վախենում եմ, որ կարող ենք կորցնել սփյուռքը։ Շատ կարևոր է հայրենիքի հետ ֆիզիկական շփումը, որովհետև միայն այդկերպ ես հասկանում, թե ինչի համար է պայքարում սփյուռքը։ «Դեպի Հայք» նախաձեռնության շնորհիվ իմ շատ ընկերներ առաջին անգամ են Հայաստան եկել: Նոր սերնդի համար հայրենիքի հետ կապը շատ արժեքավոր է, քանի որ պատկանելության, ինքնության զգացողությունը միայն այստեղ ես ունենում»,- ասում է նա:

Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքի համար Նաթալին Հայաստանում մնաց նախատեսվածից մեկ տարի ավելի: Անելիք շատ կա, և ինքն ուզում է մասնակից լինել դրան։ Մյուս տարի կվերադառնա Ավստրալիա, շատ է կարոտել ընտանիքին: Միևնույն ժամանակ Նաթալին վստահ է․

«Կյանքիս մի մեծ հատված այսուհետ և միշտ կապված է լինելու Հայաստանի հետ»։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am