Դեպի Ազատության հրապարակ. «Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և այդ տեղը փորձում են զբաղեցնել այլ քաղաքական ուժեր»

Դեպի Ազատության հրապարակ. «Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և այդ տեղը փորձում են զբաղեցնել այլ քաղաքական ուժեր»
Դեպի Ազատության հրապարակ. «Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և այդ տեղը փորձում են զբաղեցնել այլ քաղաքական ուժեր»

Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն այս փուլում ցանկանում է ինչ-որ դիրք զբաղեցնել, միակ ընդդիմադրի կարգավիճակ ստանալ: Այս կարծիքին է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով այս հանգամանքով է պայմանավորում նաև նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ակտիվացումը:
«ՀԱԿ-ը հույս ունի նոր ընտրություններում փոքր-ինչ վերականգնել իր դիրքերը»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներն Ազատության հրապարակից փորձում է տեղափոխել դահլիճներ և ապրիլի 19-ին «Անի պլազա» հյուրանոցում է հավաք անցկացնելու, ՀԱԿ կուսակցությունն ու «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նախատեսում են հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում. ՀԱԿ-ը՝ ապրիլի 30-ին, իսկ «Սարդարապատը»՝ մայիսի 9-ին:

«Սարդարապատը» միշտ էլ աշխատել է, մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվացումն էլ էր աշխատում: Հիմա շարունակում է իր աշխատանքը, իրենք ունեն հստակ դիրքորոշում և իրենց գործունեությունն են վարում: Եթե կոնսուլտացիաներ սկսվեն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, արդեն կորոշվի, թե որ ուժը որ ճանապարհով է գնում՝ միասնական գործ կանեն, չեն անի, ինչ կորոշեն»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Նա նշում է, որ երկրում այսօր ըմբոստ զանգված կա, բոլորին հետաքրքրում է՝ ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները:

«Դրա հետ կապված քաղաքական ուժերը ակտիվություն են ցուցաբերում, առաջարկներ անում՝ ցանկանալով նպաստավոր դիրք զբաղեցնել»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ ՀԱԿ-ի ակտիվացումը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ է կապված, սակայն «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ակտիվությունը, ըստ նրա՝ անհասկանալի է՝ եթե ընտրություններին չի մասնակցում, ինչո՞ւ է հանրահավաքներ անում:

Քաղաքագետը նշում է, որ, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի արդյունքում նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և, բնականաբար, այդ տեղը փորձում են զբաղեցնել այլ քաղաքական ուժեր:

«ՀԱԿ-ի մասով ես կարծում եմ, որ նրանք այդ շանսն ունեն, «Սարդարապատի» մասով մի քիչ կասկածներ ունեմ, որովհետև քաղաքական դաշտում «Սարդարապատի» դիրքորոշումն ինձ համար անհասկանալի է»,- ասում է Բոզոյանը:

Նա միաժամանակ նկատում է, որ նախկին ՀԱԿ-ն այլևս այսօր չկա: Սակայն, ըստ նրա, հայ հասարակությունն այսօր ուզում է փոփոխություն, քանի որ անելանելի վիճակից մարդիկ արտագաղթում են: Երվանդ Բոզոյանի խոսքով՝ մարդիկ փորձում են գտնել այն ուղիներն ու միջոցները, որոնցով կարող են իրենց նպատակներին հասնել:

«Այդ իմաստով ինչքան էլ ասենք, որ նույն ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը, կամ ԲՀԿ-ն, կամ «Ժառանգությունը» ինչ-ինչ պատճառներով որոշակի կորուստներ են ունեցել, այնուամենայնիվ մարդիկ դրանց միջոցով են տեսնում փոփոխություն: Ուրիշ այլ ուժ, եթե լինի, եթե այդ նոր ուժը գա, ինչ-որ բան առաջարկի, միգուցե մարդիկ դա էլ կդիտարկեն, բայց այդ ուժը չկա»,- ընդգծեց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ ՀԱԿ-ը ժամանակին չկարողացավ հաջողության հասնել, քանի որ մենակ էր: Սակայն եթե ՀԱԿ-ին այլ ուժեր միանան, այդ ժամանակ ուժերի կոնսոլիդացիան կարող է այլ իրավիճակ ստեղծել:

«Ես չեմ ասում, որ դա կլինի ավագանու ընտրությունների ժամանակ, բայց հեռանկարի մասով ես ինչ-որ շանսեր տեսնում եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրահավաքներն Ազատության հրապարակից դահլիճներ տեղափոխելու նախաձեռնությանը, քաղաքագետն ասաց, որ «Անի» հյուրանոցում անցկացվելիք հավաքն ընտրություններից առաջ կազմակերպչական բնույթ ունի:

«Հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես քաղաքական մեքենա, բավական թույլ կառուցվածք ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Երևանում: Նա փորձելու է իր այդ մեքենան քիչ թե շատ կոնսոլիդացնել»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով բավական տոլերանտ անձնավորություն, բերել է նրան, որ չի կարողացել քաղաքական, կուսակցական մեքենա ստեղծել: Այդ պատճառով էլ, ըստ Բոզոյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հենվել հասարակական կառույցների վրա:

«Բայց հասարակական կառույցները տարբերվում են քաղաքական կառույցներից նրանով, որ իրենք հրապարակային հնչող և էֆեկտ տվող քայլեր են անում, բայց չեն կարող բուն ընտրությունների ժամանակ կոնսոլիդացված աշխատել, որովհետև մեր հասարակական կառույցները որակապես տարբերվում են, օրինակ, եվրոպական երկրների հասարակական կառույցներից»,- ընդգծեց Երվանդ Բոզոյանը:

© Medialab.am