Ազատ մուտքի արտոնագիր. Այսօրվանից եվրոպացիների մուտքը Հայաստան առանց վիզայի է

Ազատ մուտքի արտոնագիր. Այսօրվանից եվրոպացիների մուտքը Հայաստան առանց վիզայի է
Ազատ մուտքի արտոնագիր. Այսօրվանից եվրոպացիների մուտքը Հայաստան առանց վիզայի է

Հունվարի 10-ից Եվրամիության անդամ 27 երկրների, ինչպես նաեւ Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի։ Դեռեւս անցած հոկտեմբերին ընունած կառավարության որոշման մասին, որը ուժի մեջ է մտել այսօր տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ ռադիոկայանի, երեք տասնյակից ավելի այդ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:

«Օտարերկրացիների համար Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալը մինչ այս էլ բավական դյուրին էր` վիզա կարելի էր ստանալ թե՛ Հայաստանի հյուպատոսական ներկայացուցչություններից, թե՛ հենց օդանավակայանում` վճարելով 3 հազարից (մոտ 7.5 դոլար) մինչեւ 40 հազար դրամ` կախված այն բանից, թե քանի օրով էր տրվում մուտքի արտոնագիրը:

Հայաստանի այս քայլը Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շրջանակներում է: Արեւելյան գործընկերության ծրագրով՝ Եվրոպան նույնպես 2012-ի դեկտեմբերին Հայաստանին ընդառաջ քայլ արեց՝ Հայաստանի 16 խումբ քաղաքացիների համար դյուրացրեց մուտքի արտոնագիր ստանալը: Այդ շրջանակը բավական լայն է` ընդգրկում է ուսանողներին, գիտնականներին, մարզիկներին, լրագրողներին, արվեստի գործիչներին, Եվրոպայում օրինական բնակվող բարեկամներ ունեցողներին, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձանց,-տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված փաստաթուղթը նախատեսում է նաեւ Շենգենյան մուտքի արտոնագրի գինը 60 եվրոյից նվազեցնել մինչեւ 35 եվրո, այն անվճար տրամադրել երեխաներին, թոշակառուներին եւ պաշտոնական պատվիրակությունների անդամներին»:

© Medialab.am