Ալիևի հայտարարությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանին, ու այն ամենևին պետք չէ անտեսել. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ «պատմական քարտեզների վրա Սևան անվանումով լիճ գոյություն չունի, այն նշված է որպես Գյոյչա», խոսել է ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան, նրա խոսքով՝ իրենց պատմական հայրենիք։ Իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներ այս հայտարարությունը վտանգավոր չեն համարում, ավելին՝ պնդում են, որ օգոստոսի 8-ից հետո ադրբեջանական հռետորաբանությունը բավականին փոխվել է։ Պարո՛ն Փոլադյան, կոնկրետ հայտարարությունը փոփոխվա՞ծ հռետորաբանություն է։

– Մեկ անգամ չէ, որ ասել եմ, հիմա ևս վերահաստատում եմ, որ Հայաստանի հետ կապված ադրբեջանական կողմի հռետորաբանությունը, նպատակներն ու ծրագրերը եղել ու մնում են թշնամական, ու դրանք երբևէ փոփոխության չեն ենթարկվել։ Ընդհակառակը՝ ադրբեջանական ուսումնական հաստատություններում գնալով մեծ թափ են հավաքում պատմական փաստերի կեղծումն ու հայատյացության քարոզը։ Սարսափելի մտահոգիչ է Ադրբեջանում հայատյացության քարոզի ընդլայնումը, այդ քարոզը տարվում է համապարփակ ձևով ու անշուշտ պետական աջակցությամբ, իսկ այս պայմաններում տեղին չէ խոսել տարածաշրջանային խաղաղության մասին: 

Խաղաղության մասին կարելի է խոսել միայն գիտական տեռորի վերացումից, պատմության կեղծումից ու հայերի նկատմամբ թշնամական քարոզի ավարտից հետո։ Այս ամենի առկայությունը նախևառաջ վտանգավոր ու աղետալի է լինելու հենց ադրբեջանական հանրության համար, որը, ինչպես բազմիցս եմ ասել, պատանդ է իր ղեկավարության ձեռքին։ 

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հայերի մասին խոսելիս հարյուրավոր, որոշ դեպքերում հազարավոր անգամներ շաբաթական կտրվածքով, օրական կտրվածքով կիրառվում է «թշնամի» բառը, ամենօրյա կտրվածքով խոսում է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ի՞նչ հռետորաբանության փոփոխության մասին է խոսքը։

– Կոնկրետ այս հայտարարությունը սպառնալի՞ք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

– Միանշանակ այդպես է։ Սպառնալիք անշուշտ կա, ու սա պետք է սթափության հերթական ազդակը լինի մեզ համար, որպեսզի մենք չշեղվենք այն ուղուց, որը մեզ կօգնի դիմագրավելու ադրբեջանական սպառնալիքներին։ 

– Իսկ եթե գործող իշխանությունը ոչ մի սպառնալիք չի տեսնում, այդ դեպքում ի՞նչ հետևանքների կարելի է սպասել։

– Ես հույս ունեմ, որ նման հայտարարություններն ունեն քողարկիչ բնույթ, ու կա ինչ-որ ծրագիր, որի մեջ էլ տեղավորվում են այդ հայտարարությունները, իսկ եթե չկան, ապա պետք է արդեն այդ մարդիկ բացատրություններ տան։ Ես կրկնում եմ, որ այդ հայտարարությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանին, ու ամենևին չպետք է անտեսել Ադրբեջանից հնչող հայտարարությունները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am