«Փորձաքննության կարիք չկար, որովհետև ստացվում է, որ Ադրբեջանի այս քայլերն արդյունք են ունենում». Նազելի Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը

 – Տիկի՛ն Վարդանյան, Արցախի կառավարությունը որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար և ժամանակավորապես դադարեցնել հանքերի շահագործումը, քանի որ, ինչպես նշված է հայտարարության մեջ, Ադրբեջանի ««էկոակտիվիստները» ստեղծել են անառողջ միջավայր ու փորձում են միջազգային հանրությանը մոլորեցնել»: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:

– Իմ համոզմամբ՝ դրա կարիքը չկա, որովհետև նույն կերպ Ադրբեջանը կարող է ոչ արժանահավատ համարել այդ փորձաքննության արդյունքները, երկրորդ՝ դուրս է գալիս, որ Ադրբեջանի այս քայլերն արդյունք են ունենում, ու դրանք ավելի խորը կարող են գնալ, ու սա դառնա շարունակական գործընթաց. այսօր հանքերից սկսեցին, վաղը ջուրը կլինի, մյուս օրը կասի՝ օդ շնչելու իրավունք չունես: Անիմաստ ինչ-որ բան է, եթե դա ներքին պայմանավորվածության արդյունք չէ Ադրբեջանի իշխանության հետ, որովհետև, ի վերջո, Ադրբեջանը համարելու է, որ պատվիրատուն Արցախի իշխանություններն են, և այդ արդյունքները կարող են չընդունել: 

– Իսկ միջազգային մամուլում Ադրբեջանի «էկոակտիվիստների» ու այս որոշման վերաբերյալ ի՞նչ մեկնաբանություններ կան:

– Դրա մասին շատ ենք խոսել. դրանք բնապահպաններ չեն, որովհետև ոչ մի բնապահպանական կոչ ու հայտարարություն չեն արվել, իրենք ասում են՝ այդ հանքը մերն է, տվեք մենք օգտագործենք, այդքան բան: Մնացած բոլոր հայտարարությունները քաղաքական են, իրենց սիմվոլիկան «Գորշ գայլերի» սիմվոլիկան է, այսինքն՝ այստեղ ավելի շատ քաղաքական նպատակ կա, որ ճգնաժամ ստեղծեն ու դրա փոխարեն Հայաստանից ինչ-որ զիջումներ կորզեն: Իրենց կեցվածքից անգամ երևում է, որ իրենք բնապահպաններ չեն, նույնիսկ մամուլում լուր շրջանառվեց, որ դեմքերը նույնականացվել են, ու դրանք հատուկ ծառայությունների աշխատողներ են: 

Ես կարծում եմ, որ Ադրբեջանին ընդառաջ գնալու քայլերն անիմաստ են, որովհետև ինչքան նրան ընդառաջ ես գնում, այնքան նրա ախորժակը բացվում է: Մամուլում կա մի դրույթ, ինչը ես չեմ կարող հաստատել, որ, իբր, Արցախի ղեկավարությունը ինչ-որ ներքին պայմանավորվածություն է ունեցել այդ հանքի վերաբերյալ՝ մոնիթորինգի, թե այցելության, չկատարելով պայմանավորվածությունը՝ հիմա այդ ճգնաժամն է առաջացել: Եթե այդպես է, ուրեմն այս մնացած քայլերը հենց բխում են այդ պայմանավորվածությունից: 

Զարմանալի է՝ ինչո՞ւ են նման պայմանավորվածություններ ունենում, իսկ եթե այդպես չէ, այդ փորձաքննությունն անիմաստ է, որովհետև դա ոչ մի բան չի տալու, հակառակը՝ ավելի է վատացնելու վիճակը, ու իզուր գումար է ծախսվելու: Իրենք պետք է ասեն՝ փորձաքննությունն անցել է, ամեն ինչ նորմալ է, մենք էլ պետք է շարունակենք շահագործումը մեր տարածքում, իրենք ասելու ուրիշ բան չունեն:

– Այնուամենայնիվ, ի՞նչ որոշում կկայացվի միջազգային կազմակերպությունների կողմից այդ հանքերի վերաբերյալ, տիկի՛ն Վարդանյան:

– Չճանաչված պետություն է, վիճարկվող խնդիրներ կան, ու Արցախի հարցով այս ամբողջ պատերազմները տարիներով դրա շուրջ են: Միջազգային կառույցները կարող են խաղաղապահներ բերել, կարող է ճանաչի, քաղաքական որոշումներ կայացնի, բայց փորձաքննություն անել չի կարող: 

«Էլարդ»-ի փորձաքննությունը, որ ինքներս արեցինք ու ասացինք, որ Ամուլսարը ռիսկային է, ո՞վ ընդունեց, նույնիսկ մենք չընդունեցինք, հիմա ուզում ենք Ադրբեջա՞նն ընդունի, այսինքն՝ անիմաստ բան է լինելու, անիմաստ գումար ծախսել, ու Ադրբեջանը դրանից ավելի ոգևորվի ու ասի՝ տեսեք, ես հասա ինչ-որ բանի, ու նոր պահանջներ ներկայացնի: 

Կրկնում եմ՝ դա լրիվ անիմաստ բան է, եթե իրար մեջ իսկապես պայմանավորվածություն չեն ունեցել, եթե ունեցել են՝ շատ վատ է, որովհետև նրանք ուրիշ շատ բաների շուրջ պայմանավորվելու բան ունեին, ոչ թե այդ հանքերի շուրջ: Միջազգայնորեն կիրառելի միակ մեխանիզմը, որ Ադրբեջանը կարող է դիտարկել, միջազգային կոնվենցիաներն են, որոնցով կոնկրետ հանքերի վերաբերյալ որոշում չի կայացվում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» դեկտեմբերի 12-ից փակել են Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը՝ Շուշի քաղաքի մատույցներում, բողոքելով Դրմբոնի և Կաշենի հանքերի, ըստ իրենց, ապօրինի շահագործման դեմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am