«Պապս 110 տարի ա ապրել, 80-ում ուզում էր ամուսնանար, ես էլ կուզեի ամուսնանալ»․ 95-ամյա Ժորան՝ երկարակեցության և կյանքի մասին

Գրեթե մեկ դար ապրած Ժորա Ավետիսյանի առավոտներն արդեն երկար ու ձիգ տարիներ սկսվում են մարմնամարզությամբ, իսկ օրվա բաղկացուցիչ մասն են կազմում պարտադիր զբոսանքն ու առողջ սնունդը։ 95-ամյա Ժորան բացում է իր երկարակեցության գաղտնիքը: Ասում է՝ մարդու մարմինը նման է մեքենայի, լավ վարելու և քիչ տանջելու դեպքում երկար տարիներ կծառայի:

«Որ դուրս եմ գալիս Երևանում զբոսնելու, տեսնում եմ, որ ջահել աղջիկներն ու տղաները ոնց որ հալից ընկած լինեն, ընդհանրապես առույգ չեն, որովհետև Հայաստանում օդն էնքան էլ լավը չի։ Օդի պատճառով այստեղ նույնիսկ կարգին ախորժակ չեմ ունենում, որ հաց ուտեմ, իսկ Բուլղարիայում էդպես չէր»,– նշում է Ժորա Ավետիսյանը։

Մոտ 30 տարի մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Ժորան ամեն տարի աշնանը միայնակ գալիս է Հայաստան՝ հայրենիքում մի քիչ շրջելու և փոքրաթիվ բարեկամներին տեսակցելու։

«Պիտի էլի հետ դառնամ, ամեն տարվա նման թռչեմ Աթենք, Աթենքից՝ Սոֆիա, էնտեղից էլ ավտոբուս նստեմ, գնամ հասնեմ Վառնա։ Էնտեղ մի քանի մարգ լոլիկ և վարունգ եմ ցանել՝ շատ քաղցր, հյութալի, պիտի գնամ լոլիկներս խնամեմ, որ լավ բերք ունենամ»,- ասում է Ժորան։

Մասնագիտությամբ գյուղատնտես է, ասում է՝ երկար տարիներ աշխատել է գործկոմում: Ժորայի կինը վաղուց է մահացել, երկու զավակները՝ Հովիկը և Հայկանուշը, ևս բնակվում են Վառնայում։

«Մենք որ գնացինք Բուլղարիա, ոչինչ չունեինք, հետո առևտրի մեջ խորացանք, շատ բաներ կարողացանք ստեղծել, իսկ հիմա արդեն մի քանի հարկանի մեծ հիպերմարկետ ունենք։ Դա հայի խելք ա, հայը կարողանում ա ամեն ինչի հասնել։

Հայերը մի թերություն ունեն մենակ՝ իրար չեն պաշտպանում։ Մի արտահայտություն կա, ասում են՝ հայերը նման են այն սարդերին, որոնք, իրար հետ ապրելով, իրար ուտում են, բայց որ հեռանում են, իրար կարոտում են։ Ես կարծում եմ, որ դա էդպես ա»,– ասում է Ժորան:

«Ես ինքս առանձնապես սթրեսներ չեմ տարել, սթրեսներից հեռու եմ, բայց էստեղ մարդիկ շատ են սթրեսներ տանում։ Պատճառներից մեկը պատերազմն է, երկրի վիճակը, իսկ Բուլղարիան, օրինակ՝ հանգիստ երկիր է։ Հետո էլ՝ Բուլղարիայում մարդիկ այնքան էլ շատ հոգսեր չունեն, շատ բան չեն հասկանում ու չեն էլ պահանջում, իսկ էստեղ՝ հակառակը, մարդիկ խելացի են, պրպտուն են, զգայուն են, շատ բան են տեսնում ու հասկանում»։

Ժորան ասում է՝ ոչ մի ազգի կանայք չունեն հայացքի այն խորությունը, որն ունեն հայուհիները։ Նա նշում է, որ հայ կանայք շատ խելացի են, և միգուցե հենց դա է, որ նրանց այդքան գեղեցիկ և գրավիչ է դարձնում։

«Հայաստանի աղջիկները գեղեցիկ են, խելացի են, բայց եթե մի քիչ էլ ավելի համարձակ լինեին, և, օրինակ՝ բուլղարուհիների պես չամաչեին տղաների հետ շփվելուց, առաջին քայլն անելուց, ավելի ճիշտ կլիներ, կարծում եմ: Բուլղարիայում, օրինակ՝ կանայք շատ ռիսկով են, մեկին հավանեցին, կգնան կծանոթանան, կխոսացնեն։ Սա էլ բարդացնում է կյանքը: Մեր տղաների համար շատ դժվար ա, հենց մեկին փորձում են խոսացնեն, մեկ էլ տեսար՝ կռիվ են սարքում մեր աղջիկները։ Տենց չի կարելի»,– ասում է Ժորան և հավելում՝ հայ տղաներն էլ իրենց սխալներն ունեն։

«Տղաներն էլ մի քիչ կոպիտ ձևերով են մոտենում աղջիկներին, ավելի ճիշտ՝ կոպիտ են դարձել, որովհետև գիտեն, որ աղջիկներն էլ մերժելու են իրենց։ Բայց տղերքը մի քիչ պիտի զարգանան, որովհետև մոտեցման հատուկ ձև կա աղջիկներին, եթե չփոխվեն, բան չի փոխվի»։

Ժորան ասում է՝ ինքն էլ դեմ չէր լինի թեկուզ այս տարիքում սիրահարվեր, ամուսնանար, սակայն հարմար թեկնածու դեռ չի հանդիպել: 

«Իմ պապը 110 տարի ա ապրել, 80-ում ուզում էր ամուսնանար, չեն թողել, ասել են՝ շատ ես մեծ։ Ես էլ կուզեի ամուսնանայի, բայց հարմար թեկնածուներ չկան, տարեկիցներիս չեմ հավանում, որովհետև կյանք չկա մեջները, առույգ չեն, ուրախ, աշխույժ, ոնց որ ջահելները, ջահելներն էլ ինձ չեն ուզի, որովհետև ձեռնափայտով բիձա եմ։ Բայց արտաքինի դեպքում շատ կարևոր են խառնվածքը, բնավորությունը, ասել-խոսելը ու, ամենակարևորը՝ ժպիտը։ Երբ որ մարդը զարգացած ա, նա նաև շատ գեղեցիկ ա»,– նշում է Ժորան և հավելում՝ թեև 95 տարեկան է, բայց լավ է պահպանվել, կնճիռներ էլ գրեթե չունի։

«Կնճիռներ չունեմ, որովհետև երբեք փափուկ անկողնում չեմ քնում, գլուխս էլ երբեք շատ բարձր չեմ դնում, գլուխը քնելուց չպիտի շատ բարձր լինի։ Մենակ մեջքի խնդիր ունեմ, դա էլ 28 տարեկանում եղած ավտովթարի պատճառով ա։ Էդ ավտովթարից հետո մինչև հիմա մենակ չոր տախտակի վրա եմ քնում, որ մեջքս ավելի չվնասվի»։

Ասում է՝ Բուլղարիայում եղած ժամանակ շատ է լողափերում արևայրուք ընդունում, սիրում է ճամփորդել, սակայն ճամփորդելու համար ընկերներ է փնտրում, մենակ այնքան էլ հետաքրքիր չէ։

«Ես առանձնապես տաղանդներ չունեմ, բայց շատ մեծ կամքի ուժ ունեմ։ Դրա շնորհիվ միշտ լավ եմ սովորել ու եղել եմ առաջինը, փորձել եմ զարգանալ ու շատ բան տեսնել, շատ կարդալ։ Կարդալը շատ կարևոր է, եթե չկարդաս, միայն քո տեսածը շատ քիչ կլինի լավ ապրելու համար»,- ասում է Ժորան։

Նրա խոսքով՝ ապրած ոչ մի օրվա համար չի փոշմանում, միայն ուշ է ամուսնացել՝ 40 տարեկանում, կուզեր ավելի շուտ ամուսնանալ, իսկ առջևում, ասում է, որ դեռ շատ նպատակներ ունի՝ պիտի սովորի հեծանիվ քշել և, ինչու ոչ՝ նաև ինքնագլոր։

«Կյանքի իմաստը հարուստ ապրելու մեջ չի, այլ նրա մեջ, որ մարդը զգում ա՝ ինքն ապրում ու ստեղծում ա իրա շրջապատի մարդկանց օգնելու համար, թե չէ ուտել-խմելը կյանքի իմաստ չի, դրանով չի որոշվում մարդու կարևորությունը»,- նշում է Ժորան և հավելում՝ օրեր անց պիտի կրկին մեկնի Վառնա։

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Բուլղարիա վերադառնալուց հետո Ժորան հեռացել է կյանքից:

Անի Մարտիրոսյան

MediaLab.am