Տարոն Սիմոնյան․ Իշխանության միջամտությունը Եկեղեցու գործերին հակասահմանադրական է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը 

– Պարո՛ն Սիմոնյան, իշխանություն-Եկեղեցի հարաբերություններում առկա լարվածությունը գնալով ավելի է խորանում, կարգալույծ արված քահանան հրաժարվում է լքել Հովհաննավանքը, երեկ միջադեպ գրանցվեց նրա աջակիցների ու լրագրողների միջև։ Հաշվի առնելով այդ ամենը՝իրավական, բարոյական հարթություններումկատարվողն ինչպե՞ս եք գնահատում։

– Խնդիրը մի քանի հարթությունում պետք է դիտարկել, առաջինն ինձ համար իրավական հարթությունն է՝ որպես իրավաբան: Այս հարթությունում գործադիր իշխանության ղեկավարն ու նաև իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները խախտում են ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը ու նաև վավերացրած միջազգային պայմանագրերը,մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որովհետև նրանք ուղղակիորեն, լինելով պետության ներկայացուցիչներ, միջամտում են կրոնական կազմակերպության ներքին գործերին։ 

Դա միայն միջամտություն չէ, այլ աշխատանքի խաթարում, պատշաճ ու բնականոն աշխատանքների համար խոչընդոտների ստեղծում է ու ավելի ներքին կառավարման գործընթացներին ուղղակի ուղղորդում ու միջամտություն։ Անգամ երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան ուսումնասիրում ենք, այնտեղ ամենաչնչին, անուղղակի միջամտությունները համարվում են կոպտագույն խախտումներ, մեր պարագայում դա ակնառու է, դա ցուցադրական է ու չի թաքցվում, ավելին՝ մեր պարագայում Եկեղեցին,կարելի է ասել, սահմանադրական մարմին է, որովհետև ունի սահմանադրական կարգավիճակ։ Հետևաբար իրավական այն խնդիրները, որոնք տեսնում ենք, ակնհայտ են, ու այստեղ ապացուցելու բան էլ չունենք, իշխանությունը, իր անպատժելիությունից ոգևորված, չի վախենում նրանից, որ հերթական անգամ Սահմանադրություն, կոնվենցիա ու օրենք է խախտում ու թքած ունի, որ ինչ-որ մեկը կարող է ասել, թե ինքն օրենք է խախտում։ 

Բարոյական հարթության մեջ եթե դիտարկենք այս խնդիրը, ապա կարելի է ասել, որ մենք անդադար գտնվում ենք հոգեբանական ահաբեկչության փուլում, ու քաղաքական իշխանությունն այս ամենը միտումնավոր է անում՝ զուգորդելով ադրբեջանցիների ու թուրքերի այլ ահաբեկչություններին։ Ու այս քաղաքականությունը,իմ կարծիքով, շատ լավ պայմանավորված է մեկը մյուսով, արդեն չնկատել օրվա իշխանության թշնամական վերաբերմունքը մեր պետականության, ինքնության, հանրության նկատմամբ անկարելի է, բայց վատն այն է, որ այս հոգեբանական ահաբեկչությունն ուղղակիորեն հարվածում է մեր հանրության բարոյական միջավայրին, ու այս ամենի հետևանքով հանրային բարոյականությունը չափազանց խոցելի վիճակում է հայտնվում։ 

Եթե ուշադիր նայեք, ապա այն բառապաշարը, մտքերն ու ագրեսիան, որ թափվում են իշխանության ղեկավարի ու նրա թիմակիցների կողմից, միտում ունեն ընդհանրապես զրկել մարդկանց բարոյական կանոններից։ Մարդկանց փորձում են դարձնել որևէ կողմնորոշիչ չունեցող ամբոխ, որին կարելի է կառավարել ատելության, ցասման ու բացասական հույզերի միջոցով, որովհետև այդ կերպ մարդիկ ավելի հեշտ կառավարելի են դառնում։ Հետևաբար բարոյական անգամ տարրական նորմերի ոչնչացումն ունի կոնկրետ նպատակ՝ հանրությանը ընդհանրապես զրկել հայ-հայ, մարդ-մարդ հարաբերությունների կապող թելերից, որ մարդիկ միմյանց կապված լինեն միայն ատելությամբ ու այդ ատելության աղբյուրի հետ, զորօրինակ՝քաղաքական իշխանության ղեկավարի ու նրա թիմակիցների հետ։ 

Սա իրականում կործանարար է ոչ միայն պետականության համար, ես վստահ եմ, որ նրանց առանցքային նպատակներից մեկն է հայ ժողովրդին զրկել պետականությունից, այլ նաև հանրության համար, որ որպես հանրություն հայ մարդը դադարի ցանկանալ ապրել միմյանց հետ, կյանքի իմաստը կտեսնի այլ երկրներում ապրելու մեջ, ինչը արդեն երեք տասնամյակ քարոզվում է Հայաստանում, պարզապես այս իշխանության պայմաններում ջրի երես է դուրս եկել, եթե նրանք դա թաքուն էին անում, ապա սրանք ակնհայտ են գործում։ 

Հեշտ է կառավարել այն մարդկանց, որոնք չունեն բարոյական արժեհամակարգ, դրա համար էլ թիրախը ազգային արժեքներն են, ազգային ինքնությունն է, Եկեղեցին է, հարվածելով այս կետերին՝ թուլացնում են ամբողջ հասարակությունը։ Իշխանության նպատակներից մեկն էլ այս միջոցներով, կարճաժամկետ շրջանում նրանք կարողանալու են գեներացված ատելությունը օգտագործել վերընտրվելու քաղաքականության մեջ, որովհետև այս ատելությունը նրանք ուղղորդում են կոնկրետ քաղաքական ուժերի դեմ։ 

– Ձեր գնահատմամբ՝ հաջողելո՞ւ են:

– Կախված է նրանից, թե մենք՝ որպես հանրություն,մեր մեջ ի՛նչ ուժ կսնենք. եթե տրվենք հույզերին ու ատելությանը, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ապա դրանով կսնենք իրենց՝ սնելով կազմաքանդողուժը մեր մեջ։ Եթե տրվենք ռացիոնալությանը, դրական հույզերին ու փորձենք հասկանալ մեր հանրության ներսում թաքնված խնդիրները ու բուժել դա, Եկեղեցին այդ բուժող մեխանիզմներից մեկն է։ Մենք իրավունք չունենք չսնելու մեր մեջ ռացիոնալը, հասունացնող ուժը, այդ թվում նաև՝ մեր հոգևոր արժեքները, ու մեր շրջապատում տարածենք բարոյականության ու առաքինության որակներ։

– Պարո՛ն Սիմոնյան, իրավական մասով անդրադարձ կատարեցիք, ստացվում է, որ այն գործողությունները, որոնք իշխանությունը դրսևորում է Եկեղեցու դեմ, հակաօրինական են ու ենթադրում են պատասխանատվություն։

– Իհարկե, անգամ հակասահմանադրական են, ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը, ուղղակիորեն խախտում են անգամ Քրեական օրենսգիրքը։ Բնական է, որ այսօրվա Դատախազությունը, քննչական մարմինները ուղղորդված են, շատ դեպքերում կոնկրետ անձի կամքն են կատարում ու մոռացել են իրենց սահմանադրական պարտավորությունը, բայց մենք գիտենք, որ բոլոր պետությունները, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են անձանց, այլ՝ ոչ թե օրենքներին, երկար կյանք չունեն, այդպես եղել է վերջին 30 կամ 35 տարիներին, բայց հիմա ծայրահեղ փուլ ենք թևակոխել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am