Հիմնավոր են կասկածները, որ փաստաբանի հարազատների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները կարող են առնչվել Սաֆարյանի ներգրավվածությանը մարտի 1-ի դատավարությանը. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնության դեպքին ու իր ֆեյսբուքյան էջում գրել․

Մարտի 1-ի գործով Ռ.Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի աղջկա և նրա ընտանիքի անդամների դեմ իրականացված բռնությունների սաստկությունը, բռնություն կատարողների մեծաթիվ լինելը, նաև բռնությունները կանխելու ուղղությամբ քայլ կատարած այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները համարում եմ անձամբ Սեդա Սաֆարյանին որպես փաստաբանի` իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված վախեցնելու, ահաբեկելու նպատակով կիրառված գործողություն։

Հաշվի առնելով Սեդա Սաֆարյանի հրապարակային գնահատականները, սկզբունքային պահվածքը, մարտի 1-ի գործով տուժածների իրավունքների հետևողական պաշտպանությունը, նաև նրա եղբոր` Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ բռնության փաստը, պետք է արձանագրել, որ այս ամենը տեղի է ունենում Մարտի 1-ի գործով Սեդա Սաֆարյանի որպես տուժողների իրավահաջորդ ներգրավվելուց հետո։

Պետք է արձանագրել, որ նշված բռնությունները կատարվել են գիշերային ժամերին, ոչ օրը ցերեկով, գաղտագողի, առանց որևէ լուրջ պատճառների։

Մինչ այժմ չեն հայտնաբերվել Ստյոպա Սաֆարյանի դեմ բռնություններ կատարած անձինք, որի համար ողջ պատասխանատվությունը կրում են իրավապահ մարմինները։

Բռնարարքներ կատարողներին չհայտնաբերելը նպաստում է նոր բռնությունների կատարմանը, և բռնություններ կատարողների մոտ ակնհայտորեն ձևավորվում է անպատժելիության մտածելակերպ և վարքագիծ։

Հիմնավոր են կասկածները, որ Սաֆարյանների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները կարող են առնչվել Սեդա Սաֆարյանի ներգրավվածությամբ` մարտի 1-ի դատավարությանը, հաշվի առնելով մարտի 1-ի դատավարության նկատմամբ հանրային աննախադեպ հնչեղությունը, առանձնահատկությունը, գործով ներգրավված մեղադրվողների նախկինում բարձրագույն պաշտոնատար անձինք լինելու փաստը։

Հաշվի առնելով, որ մինչ այժմ չեն հայտնաբերվել բռնություններ կատարողները, պարզված չեն բռնությունների շարժառիթները, ՀՀ ոստիկանությունը պետք է ապահովի Սեդա Սաֆարյանի և նրա ընտանիքի անդամների, մոտ հարազատների ֆիզիկական անվտանգությունը։

Յուրաքանչյուր ոք պետք է ազատ կարողանա արտահայտել իր կարծիքը, չունենալով որևէ մտավախություն, թե կարող է ենթարկվել ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունների թե իր կարծիքի արտահայտման, թե դիրքորոշումների ներկայացման, թե մասնագիտական գործունեության իրականացման համար։

Ավելին, ամեն մի նման բռնություն կատարողը պետք է հայտնաբերվի և պատասխանատվություն կրի իր հակաօրինական գործողությունների կատարման համար, հետագա հնարավոր բռնությունները կանխելու, անվտանգ, իրավականորեն պաշտպանված հասարակական միջավայրում ապրելու, գործելու յուրաքանչյուր անձի իրավունքն ապահովելու և իրացնելու համար։