Քոլեջներում և ուսումնարաններում չի անցկացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում չեն իրականացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն, ինչպես նաև քննություններ, իսկ դպրոցներում չեն անցկացվի ավարտական 12-րդ դասարանի քննությունները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դպրոցներում ավարտական 12-րդ դասարանի քննությունները չեն իրականացվելու։ Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականներ կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա։

Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը:

Ամփոփումը կկատարվի, և ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը: Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություն չեն իրականացվելու։ Ամփոփումն իրականացվելու է նույն սկզբունքով, ինչ դպրոցական ավարտականների դեպքում։ Այս ուսումնական հաստատություններում ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ որոշումներն ընդունվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ամեն ինչ արվել է զորակոչի ընթացքը որևէ կերպ չխոչընդոտելու համար:

«Մի շարք որոշումներ կայացրել ենք այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ մենք չենք կարող խնդիր ստեղծել զորակոչի համար։ Մեզ համար առաջնային է եղել այն, որ զորակոչին վնաս չտանք։

Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին, Հարությունյանի խոսքով, հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին: