ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի վրա հարձակման դեպքով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին «Արմենպրես»–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, ժամը 18:00ի սահմաններում: Հարձակվողները եղել են 4-ը: Երիտասարդները կոտրել են առաջին հարկի ապակիները, փորձել բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռներին ճաղավանդակներ կան: Նրանք աղմկել և դեղորայք են պահանջել: Հերթապահող բուժքույրը զանգել է ոստիկանություն։ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով՝ երիտասարդներից մեկը նարկոլոգիական բաժանմունքի հիվանդներից է եղել։ Նա որոշ ժամանակ առաջ կարճաժամկետ բուժում է ստացել։
«Նման դեպք դեռ չէր եղել։ Շատ հաճախ թմրամոլներին թվում է, որ եթե բաժանմունքը նարկոլոգիական է, ապա այնտեղ թմրանյութ կա։ Կարծում եմ, որ իրենք եղել են դեղորայքի ազդեցության տակ, նրանցից մեկը եղել է մեր ամենաանկարգ նարկոլոգիական հիվանդներից մեկը, բուժքույրը նրան ճանաչել է, մնացած 3-ին չի ճանաչել: Երիտասարդները, զգուշանալով ոստիկանությունից, լքել են տարածքը»,- «Արմենպրես»-ին ասաց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը: