ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները մոդելավորել են ինքնաթիռում կորոնավիրուսի տարածումը՝ ցույց տալով, թե մեկ մարդը ինչպես կարող է վարակել բոլոր ուղևորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ուսումնասիրությունը կատարվել է «Boeing»-ի ինժեներների հետ համատեղ՝ նպատակ ունենալով հստակեցնել համավարակի պայմաններում օդանավում օդափոխության օպտիմալ սխեման: Մասնագետները նշում են, որ մոդելն արդիական է մյուս վարակների դեպքում ևս:
Տեսողական պատկերը ցույց է տալիս, որ փակ տարածքում վիրուսային մասնիկները չեն ցրվում, այլ արտանետվելով շարունակում են շրջանառվել օդանավի ներսում:
Գիտնականները պարզել են, որ «Boeing 767»-ով 5 ժամանոց թռիչքի ժամանակ յոթ շարքից վարակվելու ռիսկը կազմել է մեկը երեքին: «Boeing 737»-ի դեպքում այս ցուցանիշը հավասարվել է մեկը հինգի: Փորձագետները եզրակացրել են՝ օդափոխման համակարգը, որն ապահովում է օդի շրջանառությունը սրահի ներքևի մասում, կարող է կիսով չափ նվազեցնել վարակվելու հավանականությունը: